Ես զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ. Աշոտ Աղաբաբյան
«Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով վերջինս սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Լրատվամիջոցը վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Շահբազյանի հաղորդման հիման վրա, ով երկար տարիներ աշխատել է «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ որպես կառավարական օթյակում խոհանոցային և հավաքարարների աշխատանքները կառավարող: Նշված ընկերության հիմնադիրն Աշոտ Աղաբաբյանն է: Լ. Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Ընդ որում, գումարը նրան տվել է ոչ թե անձամբ Աղաբաբյանը, այլ նույն ընկերության աշխատակից Արմեն Այվազյանը` Աղաբաբյանի հանձնարարությամբ: Իսկ Լիաննա Շահբազյանն էլ գումարը օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: Ըստ աղբյուրի, Լիանա Շահբազյանը ոստիկանությունում նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր կողմից սպառնալիքի մասին լուրը, արձագանքեց. «Ես ուղղակի զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ: Դրա համար կա օրենք, կա դատարան: Ես արդեն մեկ շաբաթ է Հայաստանում չեմ, և նման տեղեկություն ձեզնից եմ լսում»:
Անդրադառնալով հաղորդում տված անձին` Լիանա Շահբազյանին, ԱԺ պատգամավորն ասաց, որ ինքը նրան ճանաչում է, «մեզ մոտ է աշխատել»: «Ես լսել եմ, որ ինքը մեծ պարտքեր ունի և շատ-շատերին ա պարտք և ինչ ուզենա, կասի` պարտքերը փակելուց խուսափելու համար ու բնականաբար նման քայլերի կդիմեն, ինչ խոսք», -հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով, իրեն հետաքրքիր չէ, թե արդյոք Լիանա Շահբազյանին որևէ մեկն ուղղորդո՞ւմ է, թե՞ ոչ: «Ինչ կուզի, կգրի, իրա իրավունքն ա: Բայց ավելին ոչ մի բանի մասին տեղյակ չեմ, Հայաստանում չեմ, մի երկու օրից կգամ, կտեղեկանամ` ինչ ա անում, ինչ չի անում, ինչի ա անում», -նկատեց պատգամավորը: