Հայ ռազմագերին իրավական որևէ պատասխանատվության չի ենթարկի
Երեկ երեկոյան, ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին` օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ադրբեջանական տարածքում հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի` ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը: Հարցազրույցում հայ զինծառայողը նշում է, թե հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է` ջուր բերել»:
Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ը կապվեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում է Ժնևյան կոնվենցիայի համապատասխան դրույթները` հարցազրույցներ անցկացնելով հայ ռազմագերիների հետ: Իհարկե հասկանալի է, որ հայ զինծառայողը ստիպված է եղել ասել այնպիսի բաներ, ինչը նրան պարտադրել են: Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ շեշտել, որ հայ զինծառայողի վերադարձի դեպքում վերջինս իրավական որևէ պատասխանատվության չի ենթարկի»:
Ա. Հովհաննիսյանը ընդգծեց, որ հայկական կողմն ամեն ինչ անում է հայ զինծառայողի հայրենիք վերադարձման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում