Զինվորին գողացել են. Հարազատները վարկած են առաջ քաշում ու ԿԽՄԿ-ից պահանջում գործուն քայլեր ձեռնարկել
Ադրբեջանում գերության մեջ հայտված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները չեն հավատում, որ 22-ամյա երիտասարդը կարող էր մոլորվել ու հատել պետական սահմանը: Հարազատների առաջ քաշած վարկածի համաձայն զինծառայողին գողացել են:
«Շարքային զինվորը չի կարա մոլորվի, անցնի մեր սահմանը, մինապատված դաշտը, անցնի չափառապատված տարածքը, անցնի իրանց լինիան ու չիմանա, որ ինքն անցել է պետական սահմանը: Դա բացառվում ա», -այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի դիմաց զինծառայողի հարազատների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ինջիղուլյանի` բանակում արդեն ծառայած եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
Նրա խոսքով, հակառակորդները եղբորը գողացել են: «Նրանք իմ եղբորը գողացել են մեր սահմանից: Ուրիշ վարկած չի կարա լինի, ոչ պատահաբար, ոչ միամտաբար, նրան գողացել են: Ես ծառայել եմ, ես գիտեմ ճանապարհները ու պնդում եմ, որ ոչ մի հասարակ զինվորի չի կարա էդ մինապոլյան լրիվ անցնի», -հավելեց Հարությունը:
Անդրադառնալով երեկ համացանցում շրջանառության մեջ դրված ադրբեջանցիների տեսանյութին, որտեղ գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց էր տվել ու իբր ասել, որ հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է` ջուր բերել», հարազատները հայտարարեցին, որ դա ադրբեջանական հերթական շոուն էր:
Որտե՞ղ է նրա զինվորական իսկական համազգեստն ու ակնոցը, որը դեռ դպրոցական հասակից է կրել. այս հարցն է նրանց մոտ առաջացել տեսանյութը դիտելուց հետո:
«Բոլորս էլ ծառայել ենք ու գիտենք, թե ինչպիսին է մեր զինվորական համազգեստը, որտեղ է նրա իսկական համազգեստը: Բացի այդ, մեր ծանոթ բժիշկներն էլ ասել են, որ նրա դեմքը գրիմապատ է, որով փորձ է արվել ծածկել դեմքի կապտուկները` աչքի տակով», -փոխանցեց Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
Հարազատները ԿԽՄԿ-ից փորձում էին պարզել, թե ինչու Ադրբեջանում «Կարմիր խաչը» չի այցելել Հակոբին, և ընդհանրապես` երբ է մտադիր ԿԽՄԿ-ն գործուն քայլեր ձեռնարկել հանդիպելու ուղղությամբ: «Միջազգային օրենքներով, գերուց հարցազրույց չեն վերցնում առանց Կարմիր Խաչի ներկայության», -նկատեց Արման Ինջիղուլյանը:
Հակոբի հայրը` Գևորգ Ինջիղուլյանը, ասաց, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութը, որտեղ Հակոբն իբր դժգոհել է իր համանատարական կազմից, կեղծ է, նման բան չէր կարող լինել, քանի որ իրենք միշտ էլ գոհ են եղել հրամանատարական կազմից: «Երեք անգամ ես եմ այցելել, էնքան խելոք ու լավ ծառայող ա եղել իմ տղեն, որ մի անգամ տաս օրով են օտպուսկ տվել, մի անգամ հինգ օրով, շնորհակալագիր ա ստացել: Վերին աստիճանի խելոք ծառայող երեխա ու հրամանատարի ասածները կատարել ա», -հայտարարեց հայրը` նկատելով, որ ստիպել են որդուն նման բաներ ասի:
Բողոքի ակցիային մասնակցում էր նաև Հակոբ Ինջիղուլյանի մայրը, որը պարբերաբար ուշաթափվում էր: ԿԽՄԿ-ում ընդմիջումի ավարտից հետո երևանյան գրասենյակի ներկայացուցիչները զինծառայողի հարազատներին ասացին, որ գրասենյակի ղեկավարության հետ հանդիպել հնարավոր չէ, քանի որ կան արդեն ծրագրավորված հանդիպումներ:
Իսկ գրասենյակի լրատվության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրին, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում դեռ չեն հանդիպել գերության մեջ հայտնված զինվորի հետ, իսկ Ադրբեջանի իշխանությունների հետ գաղտնի երկխոսությունը շարունակվում է:
Կարդացեք նաև`
«Ուրիշ ճար չկա». գերության մեջ գտնվող զինվորի հարազատները «Կարմիր խաչ»-ի մոտ բողոքի ակցիա են անում
Կարմիր Խաչում ընդմիջում է. Գերի ընկած զինվորի մայրն անընդհատ ուշաթափվում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան