«Ուրիշ ճար չկա». գերության մեջ գտնվող զինվորի հարազատները «Կարմիր խաչ»-ի մոտ բողոքի ակցիա են անում
Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի մոտ Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հավաքվում են ԿԽՄԿ-ի դիմաց` զինծառայողի որպիսության մասին հստակ տեղեկություններ պահանջելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
«Ոնց հասկանում եմ ուրիշ ձև չկա Կարմիր խաչից որևէ բան իմանալու: Ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև բոլոր հարազատները: Ուրիշ ճար չկա», -փոխանցեց Արմանը:
Անդրադառնալով երեկ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցին», որտեղ իբր հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է` ջուր բերել», Արման Ինջիղուլյանն ասաց, որ իրենք բոլորն էլ համոզված են` «Հակոբին հարկադրել են այդպես խոսել»: «Ու երեխեն ստիպված խոսացել ա: Հակոբը հաստատ ուրիշ երեխա յա, ուրիշ ձև ա մտածում ու մենք բոլորս էլ համոզված ենք` ստիպել են այդպես խոսել», -ասաց Հակոբի հորեղբոր տղան:
Հարազատները նաև զարմացած են, որ Հակոբի աչքերին հարցազրույցի ժամանակ ակնոց չի եղել, որը նա միշտ է կրել: «Ակնոցը Հակոբը երբեք աչքերից չի հանել, ու դա շատ մտահոգիչ է, պետք է աչքերին ակնոցը լիներ»,- փոխանցեց Արմանը:
Ի դեպ, Հակոբի աչքերին ոչ միայն սեփական ակնոցը չի եղել, այլ նաև ինչպես երևում է տեսանյութից, զինվորական համազգեստն էլ չի եղել. նրա հագին ադրբեջանական զինվորական համազգեստ էր:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ ադրբեջանական կողմը ժնևյան կոնվենցիայի դրույթներ է խախտում: «Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում է Ժնևյան կոնվենցիայի համապատասխան դրույթները` հարցազրույցներ անցկացնելով հայ ռազմագերիների հետ: Իհարկե հասկանալի է, որ հայ զինծառայողը ստիպված է եղել ասել այնպիսի բաներ, ինչը նրան պարտադրել են: Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ շեշտել, որ հայ զինծառայողի վերադարձի դեպքում վերջինս իրավական որևէ պատասխանատվության չի ենթարկի», ասել էր Արծրուն Հովհաննիսյանը` ընդգծելով, որ հայկական կողմն ամեն ինչ անում է հայ զինծառայողի հայրենիք վերադարձման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Կարդացեք նաև`
Հայ ռազմագերին իրավական որևէ պատասխանատվության չի ենթարկի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին