Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ շարժումը հայտարարել է օգոստոսի 18-ին հանրահավաք անցկացնելու մասին, որով պահանջելու է հոկտեմբերի 9-ին ազատ և արդար նախագահական ընտրություններ անցկացնելու պայմաններ ապահովել:
«Ռեգնում» լրատվական գործակալությունը հայտնում է, որ շարժման ղեկավարներից Էլդար Նամազովը ծանուցագիր է ուղարկել Բաքվի իշխանություններին` տեղեկացնելով, որ հանրահավաքին կմասնակցեն մոտ 20 հազար ցուցարարներ:
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջելու են ստեղծել նախագահի թեկնածուների համար հավասար պայմաններ, վերացնել շարժման միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի նկատմամբ նախագահի թեկնածու գրանցվելու խոչընդոտները, ապահովել հավաքների ու խոսքի ազատությունը ընտրարշավի ընթացքում, ԶԼՄ-ներում քաղաքական բազմակարծությունը, ազատել քաղբանտարկյալներին և երաշխավորել քաղաքացիների սեփականության իրավունքը: