Ադրբեջանցի սպաները մոտ 110 հազար ԱՄՆ դոլար են յուրացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության «N» զորամասի ֆինանսական ծառայության պետի տեղակալ Մուսաև Ջեյհունը և ռազմական գծով ֆինանսական ծառայության պետ, փոխգնդապետ Փափախով Մուսան 87,186 մանաթի չափով (մոտ 110 հազար ԱՄՆ դոլար) միջոցներ են յուրացրել: Այդ մասին հայտնում է «Minval.az» ադրբեջանական ինֆորմացիոն պորտալը:
Նյութում նշվում է, որ այդ անձինք, ովքեր օգտվել են իրենց պաշտոնեական դիրքերից, իրենց գործողությունները ծավալել են 2010թ. փետրվարից մինչև 2011թ. ապրիլ: Իրացման փաստը բացահայտել են Ադրբեջանի ֆինանսների նախարարության պետական ֆինանսական վերահսկողության ծառայության մասնագետները 2009-2011թթ. պետական բյուջեի ռազմական գծով հատկացված միջոցների նպատակային օգտագործման ստուգումների ընթացքում:
«Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ 2009-2011թթ. ժամանակահատվածին վերաբերող ռազմական գծով պաշտոնական ֆինանսական փաստաթղթեր են գողացվել և 2011թ. սեպտեմբերի 3-ին դրանք այրվել են Բաքվում: Այդ գործողության նպատակը պետական միջոցների յուրացման հանցագործության հետքերը թաքցնելն էր»,- նշված է նյութում:
Ենթադրվում է, որ երկու անձանց գումարային միջոցները, որոնք ստացվել են նման ճանապարհով, տեղակայվել են իրենց անձնական բանկային հաշվեհամարների վրա: Պորտալը գրում է, որ ապագայում հնարավոր բռնագրավման կապակցությամբ Ադրբեջանի տարածքում գործող բոլոր բանկերում անձնական հաշվեհամարների մասին տեղեկատվության և իրականացրած գործողությունների ստուգումներ են անցկացվում: