«Google Maps»-ն աշխարհին է ցուցադրել Ադրբեջանի պատռված դրոշը
Համաշխարհային Google որոնողական համակարգը հերթական անակնկալն է մատուցել Ադրբեջանին: «Google Maps» 3D ծրագրում Բաքվի Դրոշի հրապարակում տեղակայված պետական խորհրդանիշը պատռված է, գրում է «APA» ադրբեջանական լրատվական գործակալություն:
Հիշեցնենք, որ «Ձմեռային բուլվար»-ը, որը մեծ շուքով բացվել էր մայիսի 10-ին Բաքվի կենտրոնում, «Google Map» ծրագրում անվանվել էր «Ապօրինի քանդման գոտի»: Ավելին, նախորդ տարի համացանցում «Google Maps» ծառայության նկարներ էին հայտնվել, որտեղ Բաքվի փողոցները հայերեն լեզվով էին նշված: Օրինակ, Նեֆտյանիկովի պողոտան վերանվանվել էր Ազատ Արցախ, այլ փողոցներ կրում էին «Ազատություն Լեռնային Ղարաբաղին» և «Ճանաչեք Հայերի ցեղասպանությունը» անվանումները:
Ի դեպ, 2010թ. սեպտեմբերի 1-ին Բաքվում կայացավ Պետական դրոշի հրապարակի բացման արարողությունը, որի ժամանակ բարձրացվել էր Ադրբեջանի դրոշը: Հրապարակում տեղակայման պահից մինչև 2011թ. մայիս դրոշակափայտն աշխարհում ամենաբարձրն էր. այդ ընթացքում Դուշանբեում կառուցվեց 165 մետրանոց դրոշակափայտը: 2010թ. սեպտեմբերի 3-ին` տեղակայումից 2 տարի անց, դրոշը փոխարինվեց, քանի որ այն պատռել էր փոթորիկը: 2011թ. ապրիլին իրավիճակը կրնկվեց. Ադրբեջանի դրոշը կրկին պատռվեց:
Բաքվի Պետական դրոշի հրապարակի հիմնաքարը դրվել է 2007թ. դեկտեմբերի 30-ին: Նախագիծը պատրաստվել է ամերիկյան «Trient Support» կազմակերպության կողմից, այն իրականացրել է «Azenko» կազմակերպությունը: Բացման արարողությունից մեկ օր անց` 2010թ. սեպտեմբերի 1-ին, 350 կիլոգրամ կշռող և քամուց պատռված դրոշն իջեցվել էր: Նման իրավիճակ հետագայում կրկնվեց 2 անգամ:
Այնուհետև` 2011թ. փետրվարի 2-ին, դրոշակափայտը սկսել էր ուժգնորեն ճոճվել, որից հետո դրոշը որոշ ժամանակով իջեցվել էր, իսկ մոտակա 9-հարկանի շենքի բնակիչներին տարհանել էին 220 տոննա կշռող դրոշակափայտի ընկնելու վտանգի պատճառով: 2011թ. ապրիլին դրոշը ևս մեկ անգամ իջեցվել էր: Ըստ վարկածներից մեկի` այն պատռվել էր 4-րդ անգամ, մեկ այլ վարկած ենթադրում է, որ խնդիրն այն նյութն էր, որից կարվել էր դրոշը:
Պետական դրոշի հրապարակի կառուցման համար Ադրբեջանի պետբյուջեից 35 միլիոն դոլար էր հատկացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան