Իրանը դրական է արձագանքել «վեցյակի» հետ բանակցությունների հերթական փուլը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Իրանը դրական է արձագանքել միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը Ղազախստանում անցկացնելու առաջարկին: «Իտառ-տասս»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կայրաթ Սարիբայը:
«Մեր առաջարկը իրանական կողմից շատ դրական է ընդունվել: Սպասում ենք, որ այժմ ավարտվելու է Իրանի կառավարության ձևավորման գործընթացը, որից հետո միջազգային «միջնորդները» որոշելու են հանդիպման նոր վայրը: Ղազախստանը մտադիր է և հետագայում լոգիստիկ ծառայություններ մատուցել: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առավել խորքային աջակցել բանբակցային գործընթացին»,-ասել է Սարիբայը:
Անցած շաբաթ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը կրկին հայտարարել էր բանակցությունները շարունակելու համար հարթակ տրամադրելու մասին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի էր ունեցել «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) բանակցությունները, սակայն կողմերին չէր հաջողվել փոխզիջման հասնել: Իրանը նախագահական ընտրություններից հետո վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ շարունակելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: