«Azadlig». Նազարբաևը հաշտեցրել է Պուտինին և Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առջև ստանձնել է լուրջ պարտավորություններ, որոնց բովանդակությունը դեռ անհայտ է: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
«Չնայած դրան` հայտնի է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հարաբերությունների բարելավման միջնորդի դերն իր վրա է վերցրել: Հենց Նազարբաևի միջնորդության ընթացքում էլ Բաքուն Կրեմլի առջև պարտավորություններ է ստանձնել, որից հետո Բաքու Պուտինի այցն իրական դարձավ», - գրում է թերթը:
Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանի անդամակցումը Մաքսային և Եվրասիական միությանը Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի: «Պուտինն ուղիղ հարցադրում է կատարում. կամ Ադրբեջանը միանում է այդ կառույցներին, կամ Կրեմլը վերանայում է Բաքվի հետ իր հարաբերությունները: Բաքու կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կփորձի այդ հարցը լուծել իր բոլոր մանրամասնություններով: Ինչ վերաբերում է Բաքվին, Ադրբեջանի իշխանության մանյովրները սահմանափակ են:
Արևմուտքի հետ իշխանության հարաբերություններն առանձնապես լավատեսական չեն, իսկ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների վատթարացումը կարող է Բաքվի համար լուրջ խնդիրներ ստեղծել: Ռուսաստանի անկատար պահանջները, անկասկած, Բաքվին և Կրեմլին դեմ առ դեմ կհանեն: Ադրբեջանի իշխանությունն անելանելի իրավիճակում է հայտնվել», - նշել է զրուցակիցը: