Մի քանի երկրից Հայաստան ներկրված մսամթերքից կկատարվի նմուշառում` ստուգելու աղիքային ցուպիկի առկայությունը
Բրազիլիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելային հարուցիչ հայտնաբերելու վերաբերյալ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել է տեղեկատվություն:
Համաձայն ՀՀ օրենսդրության` ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության. հայտնում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ու մանրամասնում, որ հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելայի հարուցիչ կարող է հայտնաբերվել ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից ս.թ. օգոստոսի 13-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար: