Աբդուլահ Գյուլ. Անթույլատրելի է Եգիպտոսի ցուցարարների նկատամամբ զենքի կիրառումը
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը անթույլատրելի է համարում Եգիպտոսում ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը, քանի որ դա երկրում կարող է բռնությունների նոր ալիք բարձրացնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչ մի դեպքում չի թույլատրվում զենք կիրառել ցուցարարների նկատմամբ, հատկապես քաղաքացիների: Ոչ մի պատճառ չի կարող այն արդարացնել: Տեղի է ունենում այն, ինչից մենք ամենից շատ էինք վախենում: Իրադարձությունների նման զարգացումը կարող է քաոսի հանգեցնել»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Եգիպտոսի համար դա փակուղի կլինի:
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերին:
«Միջազգային հանրությունը, առաջին հերթին ՄԱԿ ԱԽ-ն և ԱՊԼ-ն, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն Եգիպտոսում արյունահեղություն դադարեցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եգիպտոսում շարունակվող արյունահեղության վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև Կատարը, Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ԵՄ-ն:
Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսում ոստիկանները սկսել են ցրել են իսլամիստ ցուցարարներին, ովքեր պահանջում էին ազատ արձակել տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին: Ոստիկանության և իսլամիստների միջև ընդհարումներ են տեղի ունեցել մայրաքաղաք Կահիրեում, ինչպես նաև՝ Եգիպտոսի այլ քաղաքներում:
Ցուցարարները հայտնում են, որ ոստիկանությունը նույնիսկ հրազեն է կիրառել: Տեղեկություններ կան այն մասին, որ գործի են անցել դիպուկահարները: Զոհերի թվի մասին լուրերը նույնպես հակասական են. Ցուցարարները հայտնում են ավելի քան 800 զոհի մասին, մինչևդեռ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 20-ի: