Արցախն Ադրբեջանին համագործակցության կոչ է արել
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:
«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Աղաբեկյանը:
Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:
«Մենք Սարսանգի ջրերի օգտագործումը էլեկտրական հոսանք արտադրելու համար ժամանակացույցը ընտրում ենք այնպես, որ այն հարմարեցվի միայն մեր շահերին, իսկ երկխոսության դեպքում մենք այն կարող ենք ծառայեցնել երկուստեք շահերի: Զրբաժան ամենակարևոր կետը գտնվում է հենց Թարթառի շրջանում և երկխոսության դեպքում մենք այդ ջրբաժան կայանը կարող ենք ճիշտ օգտագործել և՛ ադրբեջանական կողմին մատակարարել ջուր, և՛ մեր գյուղատնտեսության համար հատկացված տարածքները դարձնել ջրովի», - ասել է ԼՂՀ փոխվարչապետը:
Նախկին զինվորական, դաշնակցական քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը, ով, շուրջ մեկ տարի առաջ Երևանից տեղափոխվելով Ստեփանակերտ, նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, իր այս ուշագրավ հայտարարությունը դիտարկում է նաև երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում:
«Վերջը` հարևան երկիր է, այսօր թշնամի է, վաղը դառնալու է ոչ բարեկամ, և պետք է կարողանանք ժամանակի ընթացքում ժողովուրդներին պատրաստել խաղաղության»,- ասել է Աղաբեկյանը, - «Կարծում եմ` սահմանային ցանկացած համագործակցություն, որից կհետևի զինադադարի ռեժիմի պահապնություն, որից կհետևի փոխադարձ հանդուրժողականություն, վստահ եմ, որ մենք միշտ էլ պատրաստակամ ենք եղել նման համագործակցության գնալու»:
Վերջին օրերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան