Արմեն Աշոտյան. Այսօր մեր կրթության թիվ մեկ պրոբլեմը փողը չէ
Մենք ունենք հարաբերականորեն բարձր վարձավճարներ: Բայց երբ համեմատում ենք ուսման վարձը հարևան երկրների հետ, տեսնում ենք, որ նոմինալ արժեքով դրանք բարձր չեն: Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ:
Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ ոչ մի լավ սովորող ուսանող բուհից դուրս չպիտի մնա վարձավճարը վճարել չկարողանալու պատճառով՝ մատնանշելով ուսանողական վարկերի, ուսման վարձի զեղչման համակարգը:
«Ուսանողները վճարում են վարձեր, բայց բուհերում չեն կարողանում սոցիալական օգնություն ստանալ: Մենք օրինագծով ուզում ենք ֆիքսել այնպիսի շեմ, որ դրան համապատասխան զեղչային համակարգն ուղղեն միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, մեկ և ավելի երեխա ունեցող ուսանող-մայրերի, զոհված ազատամարտիկների երեխաներին: Օրենքի նախագիծը կքննարկվի նաև երիտասարդական ու ուսանողական հաստատությունների հետ: Ուստի կսպասեմ ձեր առաջարկություններին»,- ասել է նա:
ԿԳ նախարարը փաստել է, որ այս տարի հարյուր անվճար ուսուցման տեղ է թափուր մնացել ու շեշտեց. «Բայց անգամ անվճար սովորելու խաթր, տղաներն անգամ տարկետման իրավունքի համար չեն գնում այդ մասնագիտություններով սովորելու: Գուցե այսօր դրանք ճռճռան ու բոհեմային մասնագիտություններ չեն, բայց պետության համար կարևոր են»:
Ուսանողներից մեկն էլ առաջարկեց, թե լավ կլինի, որ բուհերի բոլոր ֆակուլտետները նույն վարձավճարն ունենան: ԿԳ նախարարը դա անիրատեսական համարեց ու մանրամասնեց. «Մեկ տնտեսագետ պատրաստելու համար պետության մակարդակով պահանջվում է վեց անգամ ավելի քիչ գումար, քան մեկ դաշնակահար պատրաստելու համար: Կենսաբան պատրաստելը երեք անգամ ավելի թանկ է, քան իրավաբան պատրաստելը»:
Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այսօր մեր կրթության թիվ մեկ պրոբլեմը փողը չէ, այլ իր և բոլորի մտածելակերպը: Այն հարցին, թե ինչու մեխանիզմներ չեն ստեղծվում, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողները վերադառնան հայրենիք, Արմեն Աշոտյանն ասել է, որ այդ հարցում կարոտախտի տարրեր կան ու դա անհնար է անել շուկայական հարաբերությունների պարագայում:
Նախորդող հրապարակումներ` Արմեն Աշոտյան. Ուսման վարձերի թանկացմանը ես ըմբռնումով եմ մոտենում
Աշոտյանը պատրաստ է լսել ակցիայի մասնակիցներին, բայց նրանք վերև չեն բարձրանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա