ՊԵԿ. Նոր սերնդի ՀԴՄ-ները շահումներն իրականացնում են on-line եղանակով
Առաջիկայում համապատասխան ծրագրային ապահովման պարագայում, նոր սերնդի ՀԴՄ-ի միջոցով հարկ վճարողները կկարողանան նաև դուրս գրել հարկային հաշիվներ, ինչը հնարավարորություն կտա լուծելու տարիներ շարունակ մեր առջև ծառացած մի խնդիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, անդրադառնալով հուլիսի 1-ից տարեկան 500 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար կիրառության մեջ մտած նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներին:
«Շրջիկ կետերի միջոցով առևտուր իրականացնելու դեպքում առ այսօր նման փաստաթղթերի հնարավորությունը բավականին սահմանափակ էր: Իսկ նոր մեխանիզմի շնորհիվ, առանց նախապես գնորդին հայտնի լինելու առաքումների դեպքում, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ունենալու շատ հեշտությամբ կատարել իրենց առևտրային գործարքները»,-խնդիրը ներկայացրել է ՊԵԿ փոխնախագահը:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով:
Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման առանձնահատկություններից է նաև այն, որ ՀԴՄ-ները շահումներն իրականացնում են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների կամ բջջային հետախոսների մասին հաճելի լուրը ստանալ գնում կատարելուց հետո անմիջապես:
ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում տրամադրվում են երկու տեսակի ՀԴՄ կտրոններ՝ դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն՝ հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոններ և դիմերեսի վրա տպագրած ութ կամայական թվերի համակցություն՝ վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող ՀԴՄ կտրոններ: Դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող ՀԴՄ կտրոնները 2013թ. օգոստոսից 1-ից նույնպես մասնակցում են յուրաքանչյուր ամիս անցկացվող վիճակահանությանը, որն անցկացվում է կտրոնների տրամադրմանը նախորդող ամիս և դրանց շահումները հնարավոր է ստուգել կտրոնի տրամադրման պահից սկսած:
Իսկ շահելու հանգամանքը պարզելու համար՝ այս տեսակի ՀԴՄ կտրոն ստացող անձը պետք է համեմատի կտրոնի ստորին մասում նշված՝ «վիճակահան. համար» և անմիջապես նրա տակ նշված «ֆիսկալ համար» գրառումների դիմաց նշված թվերը: «Ֆիսկալ համար» գրառման դիմաց նշված թվի նիշերը առաջին նիշից սկսած «վիճակահանության համար» գրառման դիմաց նշված թվի նիշերին առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 8 կամ 7 նիշերի հետ համընկնելու դեպքում կտրոն տիրապետող անձին որպես պարգևավճար տրամադրվում է մեկ ավտոմեքենա, իսկ նույն կերպ 6 կամ 5 նիշերի համընկնման դեպքում՝ մեկ բջջային հեռախոս: Ընդ որում, թվերի համընկնման դեպքում կտրոնի վրա անպայման տպվում է նաև «դուք շահել եք» արտահայտությունը: Ի դեպ, նոր կտրոններով շահումները քաղաքացիները կարող են նաև առցանց ստուգել հարկային ծառայության կայքէջում:
Շահած կտրոններ տիրապետող անձինք շահելու օրվանից սկսած մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը՝ օգստոսին տրամադրված կտրոններով շահումը ձևակերպելու համար՝ մինչև սեպտեմբերի 30-ը շահած կտրոնով և անձնագրով պետք է ներկայանան ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ: Դարձերեսին հատուկ համարներով ՀԴՄ կտրոնների համար վիճակահանությունը շարունակվելու է անցկացվել գործող կարգով՝ մինչև բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների համատարած կիրառման ժամկետը՝ 2015թ. հունվարի 1-ը:
Ըստ նույն աղբյուրի, ՀԴՄ կտրոններով տրամադրվող պարգևավճարների հիմնադրամը (15 ավտոմեքենա և 500 բջջային հեռախոս) բաժանվելու է հետևյալ համամասնությամբ՝ դարձերեսին հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոններով շահած անձանց՝ 10 ավտոմեքենա և 400 բջջային հեռախոս, իսկ դիմերեսին վիճակահանությանը մասնակցող թիվ պարունակող ՀԴՄ կտրոններով շահած անձանց կտրամադրվի 5 ավտոմենքենա և 100 բջջային հեռախոս: