Փորձագետ. Ռուսաստանի գործողությունները չպետք է վնասեն Հայաստանի շահերին
Ադրբեջանի ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները չպետք է լինեն Հայաստանի շահերի հաշվին: Ռուսական «ՌԻԱ-Նովոստի» գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Խոսելով Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների մասին` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևը նշել է, որ անհրաժեշտ է դրանք լավացնել. «Ռազմավարական առումով դա շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը կովկասյան ուղղությամբ շատ խոցելի է: Այն, անշուշտ, շահագրգռված է, որպեսզի հավասարակշռություն պահպանվի Հարավային Կովկասում: Այս առումով անհրաժեշտ է, որ հարաբերությունները զարգացնի ինչպես Ադրբեջանի, այնպես է Հայաստանի հետ, որպեսզի հարավային սահմանների մոտ իրավիճակը պահի հսկողության տակ»:
Փորձագետների կարծիքով` դա անելը հեշտ չէ, քանի որ, ըստ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևի. «Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը, անդամակցում է ՀԱՊԿ-ին: Իսկ Բաքուն դա շատ ցավագին է ընդունում»:
Մասնագետներն այն կարծիքին են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առանց այն էլ լարված վիճակը գնալով թեժանում է: «Պատահական չէ, որ Ադրբեջանը մեծ քանակի զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև ամբողջ աշխարհից. Ղարաբաղի սահմանների երկայնքով դիմակայության կուտակում է տեղի ունենում»,- ասել է Անդրեյ Կազանցևը: Նրա կարծիքով` այս իրավիճակում «շատ կարևոր է, որ միջնորդները, այդ թվում Ռուսաստանը, մթնոլորտը հանգստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրեն»:
Վիկտոր Նադեին-Ռաևսկու խոսքով, այս իրավիճակում Մոսկվան պետք է հիշի, որ «Ռուսաստանի կողմից ցանկացած գործողություն (Ադրբեջանի ուղղությամբ) չպետք է լինի ի վնաս Հայաստանի շահերի»:
Նշենք, որ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահ, ակտիվ մասնակցում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին: Նախօրեին Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «Ռուսաստանն ակտիվ համագործակցում է հակամարտության արագ կարգավորման հարցում, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»:
Չնայած այս հայտարարությանը` Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանում սկիզբ առած սպառազինությունների մրցավազքի հիմնական աղբյուրը: Ընթացիկ տարում մամուլին հայտնի էր դարձել, որ դեռևս 2011 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում այս տարի Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել մեկ միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ սպառազինություններ ու տեխնիկա, այդ թվում` ծանր սպառազինություն: Նախօրեին Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մամուլում հնչած թվերը ճիշտ չեն և իրականում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասնում են 4 միլիարդ ամերիկյան դոլարի:
Օգոստոսի 13-ին կայացած այցելության ընթացքում ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Ենթադրվում է, որ կհետևեն Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման նոր պայմանավորվածություններ: