Դավիթ Շահնազարյանն անիմաստ է որակել իր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամակցելու մասին լուրերը
Նախօրեի գիշերը «Անի-պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը զրուցում էին։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այժմ Քոքոբելյանն ու Շահնազարյանը շատ հաճախ են հանդիպում ու հիմնականում քննարկում են միասին նոր ամերիկամետ քաղաքական պլատֆորմ ստեղծելու հարցը։
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ չի բացառվում՝ Դավիթ Շահնազարյանը համալրի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը։ Սակայն Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որևէ կոնկրետ պատասխան չի տվել։ «Շատ մարդկանց հետ եմ հաճախ հանդիպում, դա նշանակում է... կներեք, բայց անիմաստ է... Այդքանը կարող եմ ասել»,-նշեց մեր զրուցակիցը։ Իսկ Խ. Քոքոբելյանը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: