ՀՔԾ-ն ստացել է ԱԺ պատգամավորի դեմ բողոքը ու սկսել է քննարկել
Հատուկ քննչական ծառայությունն այսօր ստացել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի հաղորդումը և սկսել է քննարկել այն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանը:
«Դիմում-հաղորդումը կքննարկվի և հետո միայն կորոշվի` քրեական գործ հարուցել, թե՞ ոչ», -հավելեց Ահարոնյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ինչպես փոխանցել է «Փաստինֆո»-ն, «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով, որ վերջինս սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:
Լրատվամիջոցը վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Շահբազյանի հաղորդման հիման վրա, ով երկար տարիներ աշխատել է «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ որպես կառավարական օթյակում խոհանոցային և հավաքարարների աշխատանքները կառավարող: Նշված ընկերության հիմնադիրն Աշոտ Աղաբաբյանն է: Լ. Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Ընդ որում, գումարը նրան տվել է ոչ թե անձամբ Աղաբաբյանը, այլ նույն ընկերության աշխատակից Արմեն Այվազյանը` Աղաբաբյանի հանձնարարությամբ: Իսկ Լիաննա Շահբազյանն էլ գումարը օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: Ըստ աղբյուրի, Լիանա Շահբազյանը ոստիկանությունում նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր կողմից սպառնալիքի մասին լուրը, արձագանքել էր. «Ես ուղղակի զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ: Դրա համար կա օրենք, կա դատարան: Ես արդեն մեկ շաբաթ է Հայաստանում չեմ, և նման տեղեկություն ձեզնից եմ լսում»:
Անդրադառնալով հաղորդում տված անձին` Լիանա Շահբազյանին, ԱԺ պատգամավորն ասել էր, որ ինքը նրան ճանաչում է, «մեզ մոտ է աշխատել»: «Ես լսել եմ, որ ինքը մեծ պարտքեր ունի և շատ-շատերին ա պարտք և ինչ ուզենա, կասի` պարտքերը փակելուց խուսափելու համար ու բնականաբար նման քայլերի կդիմեն, ինչ խոսք»,- հավելել էր պատգամավորը:
Կարդացեք նաև` Ես զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ. Աշոտ Աղաբաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան