Արևմտյան ԶԼՄ-ների անդրադարձը Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցին
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել էներգետիկայի ոլորտում կնքել կոնկրետ համաձայնագիր, որը մարտահրավեր կնետեր նախկին խորհրդային հանրապետությունում գերիշխող դիրք ունեցող արևմտյան էներգետիկ ընկերություններին: Այս մասին գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանը վաղուց ձգտում է մեծացնել իր ներկայությունը Ադրբեջանում, որը, ինչպես ակնկալում է Եվրոպան, պետք է օգնի վերջինիս ազատվել ռուսական գազից ունեցած կախվածությունից»,- նշել է լրատվական գործակալությունը:
«Ռոյթերսը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ «Роснефть»-ի տնօերն Իգոր Սեչինը ստորագրել է միայն մեկ «լղոզված» համաձայնագիր Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ: Անանուն աղբյուրը հայտնել է, թե Ադրբեջանը այնքան բարձր գին է պահանջել իր ակտիվների համար, որ «Роснефть»-ը մտադիր չէ վճարել, և մեծ աշխատանք կպահանջվի տարաձայնությունները հաղթահարելու համար:
«Արևմտյան էներգետիկ ընկերությունները, ինչպիսիք են BP-ը, «Statoil»-ը և «Exxon Mobil»-ը, գերիշխող դիրք են գրավել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում Խորհրդային Միության փլուզման օրվանից, երբ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները բավական սառն էին»,- գրում է «Ռոյթերսը»:
«Bloomberg» լրատվական գործակալությունը իր հերթին անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությանը: Ըստ լրատվականի՝ Ադրբեջանը, որը հակամարտության մեջ է հարևան Հայաստանի հետ, Ռուսաստանի ռազմական համագործակցությունը գնահատում է $4 մլրդ:
«Առաջին անգամն է, որ Ադրբեջանը հայտարարում է գնված սպառազինությունների արժեքի մասին: Վերջին տասնամյակում Ադրբեջանը 30 անգամ ավելացրել է պաշտպանության ոլորտում ռազմական ծախսերը՝ հասցնելով $3,7 մլրդ-ի, և շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, եթե տապալվեն խաղաղ բանակցությունները, ինչը սպառնում է տարածաշրջանում պատերազմի վերսկսմամբ, որտեղ սկսած 1994 թ.-ից «BP»-ն և նրա գործընկերները ներդրել են ավելի քան $35 մլրդ»,- նշում է գործակալությունը:
Բաքու կատարած իր այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կոչ է արել գտնել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում: Գրում է «Europe Online» պարբերականը:
«ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ավելի քան 20 տարի շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել: Մոսկվան ավանդաբար աջակցել է Հայաստանին, որը չունի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսին Ադրբեջանը, և հանդիսանում է Իրանի մերձավոր գործընկերը: Սակայն այս ամառ Ռուսաստանը սկսել է միլիարդավոր դոլարների զենքերի առաքում Ադրբեջան, այդ թվում՝ տանկեր և հրթիռային համալիրներ»,- գրում է պարբերականը:
«Europe Online»-ը շարունակում է, որ ըստ ռուս փորձագետների, Կրեմլը ցանկանում է պահպանել ուժերի հավասարակշռությունը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում:
«Ալիևը, ով իշխանության է եկել իր հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո, 2003թ.-ին, քննադատության է ենթարկվում Արևմուտքի կողմից իր ավտորիտար կառավարման համար»,- ընդգծել է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում