ԳԱԱ թղթակից անդամ. Գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը կառավարության անգործության արդյունք է
«Հայաստանում այսօր կա 4000 գիտնական, միջին տարիքը` 60: Իսպառ բացակայում է միջին սերունդը: Երբ թոշակի անցնեն, մեզ սպառնում է մշակութային աղետ»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Նա հիշեց, որ դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում կար 30 հազար գիտնական, գիտության ոլորտի ֆինանսավորումը գրեթե ամենաբարձրն էր: Մինչդեռ այսօր, ըստ նրա, Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող գիտնականների թվով զիջում է միջին ցուցանիշը, ֆինանսավորմամբ գլորվել է վերջին տեղերը, Հայաստանում գիտնականներն ամենացածր վարձատրվող խավն են. «Միջին աշխատավարձը փաստացի կազմում է 50 հազար դրամ»: Նա ընդգծեց, որ գիտնականները Հայաստանում ամենաանտեսվածներն են:
Միաժամանակ Ա. Իշխանյանը նշեց, որ հայ գիտնականներն իրենց գիտական արդյունավետությամբ զբաղեցում են աշխարհում առաջին տեղերը, երիտասարդ գիտնականները գնում են աշխարհի լավագույն համալսարաններ, այսինքն Հայաստանն արտադրում է բարձր մակարդակի երիտասարդ գիտնականներ:
ԳԱԱ թղթակից անդամը նաև նշեց, որ վերջին տարիներին գիտության ոլորտում մաքրվել է օրենսդրական դաշտը, ստեղծվել է փորձագիտական համակարգը, թեև դեռ անելիքներ կան: Ա. Իշխանյանի խոսքով, կառավարությունն ընդունել է փաստաթուղթ, ըստ որի մինչև 2020 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը պետք է հասնի եվրոպական միջին` ՀՆԱ-ի 2 տոկոսը, սակայն, ըստ նրա, ընդունված որոշումից արդեն չորս տարի է անցել, սակայն որևէ առաջընթաց չկա: «Այս վիճակը Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա