«Turan»: Ադրբեջանի հատուկ ծառայությունները անտեսում են երկրի նախագահի դեմ դավադրության մասին տեղեկատվությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ դավադրության բացահատման մասին ադրբեջանական ԶՄՆ-ների հրապարակումներից օրեր են անցել, սակայն իրավապահ մարմինները և հատուկ ծառայություններն այդ փաստին ոչ մի կերպ չեն արձագանքում, գրում է ադրբեջանական «Turan» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հիշեցնում է, որ իրավապաշտպան Էյնուլ Ֆաթուլաևի հոդվածում, որը հրապարակվել է «Haqqin.az» լրատվական կայքում, նշվում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիչեսլավ Վոլոդինի նախապատրաստած դավադրության մեջ մասնակցել են Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի առաջնորդներից մեկը, նախկին փոխվարչապետ Աբբաս Աբբասովը, Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը, մի շարք նախկին բարձրաստիճան չինովնիկներ, ինչպես նաև Ազգային Խորհրդի առաջնորդներ Ռուստամ Իբրահիմբեկովը և Էլդար Նամազովը:
Հեղինակի պնդմամբ՝ դավադիրները բռնի իշխանափոխության հասնելու համար հոկտեմբերյան ընտրություններին անկարգություններ էին նախապատրաստում: «Հենց նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ միգուցեև ամերիկացի ընկերների, միջամտությունը երկիրը փրկեց անախորժություններից», - վստահեցնում է հոդվածի հեղինակը:
«Տվյալ հրապարակումից հետևում է, որ «դավադրությունը» կասեցրել է Պուտինը կամ ամերիկացի ընկերները: Ստացվում է, որ Ադրբեջանի փառավոր հատուկ ծառայություններն այդ դավադրությունն անտեսել են», - գրում է «Turan»-ը:
Նշվում է, որ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններից բացահայտված դավադրության մասին մանրամասներ ստանալու գործակալության փորձերն անարդյունավետ են եղել:
«Տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ իրոք այդ մասին չգիտեն», - գրում է «Turan»-ը:
«Միևնույն ժամանակ, ուժային կառույցների հանգստությունը զարմացնում է: 2007թ. հենց ազգային անվտանգության նախարարությունն էր քրեական գործ հարուցել և ձերբակալել Էյնուլ Ֆաթուլաևին այն հրապարակման համար, որտեղ նշվում էր՝ կոնֆլիկտի դեպքում Իրանը կարող է հարվածել ստրատեգիական նշանակություն ունեցող Բաքվի օբյեկտներին: Իսկ այժմ անվտանգության աշխատակիցները չեն արձագանքում արտասահմանյան մասնակիցներ ներառող դավադրության մասին հաղորդմանը», - նշվում է հոդվածում:
Ընդգծվում է նաև, որ դավադիրների շարքում Սերբիայում դեսպան Էլդար Հասանովի անվան հիշատակումը պատասխան է պահանջում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից: Սակայն այդ բաժինը, չգիտես ինչու, նույնպես լռում է, մինչդեռ իր աշխատակիցը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ:
Միևնույն ժամանակ, «Haqqin.az»-ը հաղորդում է, որ Մալդիվներում վերջերս մահացած ադրբեջանցի դիվանագետ Թուրալ Գուրբանովը նախկին գլխավոր դատախազի, իսկ այժմ Սերբիայում և Մենտենեգրոյում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի ազգակիցն էր: Նշվում է, որ Գուրբանովը ազգային անվտանգության նախարարության արտաքին հետախուզության բաժնի աշխատակից է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում