Հասան Ռոհանիի կառավարության 5 նախարարներ չեն ստանա Մեջլիսի վստահության քվեն. ԱԳ նախարարի թեկնածուն նրանց թվում չէ
«Իրանի Մեջլիսը նախագահի ներկայացրած 5 նախարարի թեկնածուի վստահության քվե չի տա»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի պահպանողական կուսակցության նախագահության անդամ Հոսեյնալի Հաջի Դելիգանին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով այս օրերին Մեջլիսում քննարկվող նախարարների թեկնածուների վստահության հարցին, նշել է, որ Մեջլիսում տեղի ունեցած քննարկումները վկայում են, որ նախարարի 5 թեկնածուներ վստահության քվե չեն ստանա:
Ըստ բանախոսի՝ Մեջլիսի հավանությանը չեն արժանանա հետևյալ նախարարները.
Նավթի նախարար՝ Բիժան Նամդար Զանգանե
Քաղաքաշինության և տրանսպորտի նախարար՝ Աբբաս Ախունդի
Կրթության նախարար՝ Մոհամմադ Ալի Նաջաֆի
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար՝ Մասուդ Սոլթանիֆար
Գիտության և նոր տեխնոլոգիաների նախարար՝ Ջաաֆար Մեյլի Մոնֆարեդ
Օգոստոսի 5-ին Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին Մեջլիսի հաստատմանը ներկայացրեց կառավարության կազմը: ԻԻՀ սահմանադրության 133 հոդվածի համաձայն՝ Մեջլիսի կողմից վստահության քվե ստանալուց հետո միայն նախարարները կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը:
Նշենք, որ այս օրերին Իրանի քաղաքագիտական շրջանակներում քննարկվում է Մեջլիսի կողմից Զարիֆի վստահության քվեի հարցը:
Իրանցի քաղաքագետ Հուման Դուրանդիշի կարծիքով՝ եթե Մեջլիսի պահպանողական պատգամավորները (ԻԻՀ Մեջլիսի մեծամասնությունը կազմում են պահպանողականները) վստահության քվե չտան Զարիֆին, ապա Արևմուտքը կփոխի իր վերաբերմունքը Ռոհանիի նկատմամբ, կստացվի, որ Մեջլիսում ներկայացված պահպանողականները արտաքին քաղաքականության հարցում ավելի որոշիչ դեր ունեն, քան նախագահ Ռոհանին:
Նկատենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում նախօրեին հրապարակվել է արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ Զարիֆի ծրագիրը, որտեղ ներկայացվում են այն մոտեցումները, թե Մեջլիսի կողմից վստահության քվե ստանալուց հետո ինչ քաղաքականություն է որդեգրելու Իրանի արտաքին գերատեսչությունը:
Իրանագետ Ա.Իսրայելյանը, Panorama.am կայքում թողարկված հոդվածում, վերլուծելով Մահամմադ Ջավադ Զարիֆի ներկայացրած ծրագիրը՝ նշում է, որ Իրանի նոր իշխանությունները նպատակ ունեն բարեփոխել Ահմադինեժադի օրոք իրականացված արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով առավել լարվեցին Իրան-ԱՄՆ հարաբերությունները, վատթարացան Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունները, միջուկային ծրագրի հարցում կիրառված տնտեսական պատժամիջոցների արդյունքում երկիրը հայտնվեց ծանր սոցիալ տնտեսական իրավիճակի մեջ, հարևան որոշ երկրներ (Ադրբեջան, Արաբական Միացյալ Էմիրություններ) սկսեցին Իրանի տարածքային ամբողջականության նկատատմամբ հավակնություններ դրսևորել և այլն…:
Նախորդող հրապարակումներ՝
Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը