Ոռոգման հետ կապված Արարատում, Արագածոտնում և Արմավիրում լարվածություն է առաջացել
Որոշ մարզերում, մասնավորապես, Արարատ, Արմավիր և Արագածոտն, ոռոգման կազմակերպման առումով որոշակի լարվածություն է առաջացել:
Այս մասին հայտնել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով, Սևանա լճից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից արդեն վերցվել է 136 մլն խմ-ն: Ուստի նա մարզպետներին հորդորել է աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ ընկերությունների, համայնքների հետ` ոռոգումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և ջուրը խնայողաբար օգտագործելու համար:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փոխվարչապետն անդրադարձել է նաև համայնքներում գերեզմանոցների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին: Նա մարզպետներին հանձնարարեց համապատասխան վերահսկողություն և քայլեր իրականացնել` օրենքով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ՏԿ նախարարությունն առաջիկայում կառավարություն կներկայացնի ոլորտի կանոնակարգմանը վերաբերող առաջնահերթ միջոցառումների ծրագիր: