Վահրամ Աթանեսյանը ռուս-ադրբեջանական ռազմական դաշինքի հեռանկար չի տեսնում
«Ինձ թվում է, Պուտին-Ալիև հանդիպման շուրջ ենթադրությունները և դրանից սպասելիքները չափազանցված էին: Մինչ այդ ադրբեջանական մամուլում արտահոսք էր եղել, որ Ալիևը ոչ պաշտոնապես գտնվել է Մոսկվայում: Կարծում եմ՝ դրանով շատ բան է ասված»,- «Առավոտ»-ի հարցին ի պատասխան` ԼՂՀ-ում ինչպե՞ս են ընդունում ՌԴ նախագահի այցն Ադրբեջան, ասել է ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ու հավելել. «Ադրբեջանը, թվում է, ընտրություն է կատարել հօգուտ եվրատլանտյան ուղղության: Կտրուկ շրջադարձ այս գծից, ամենայն հավանականությամբ, չի լինելու:
Բայց քանի որ կարճաժամկետ հեռանկարում Ալիևը խնդիր ունի` կապված երրորդ ժամկետով նախագահության հետ, Ռուսաստանը որոշել է հնարավորինս օգտագործել այդ պահը: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նման մի բան էլ 1993-ին է եղել, երբ Հեյդար Ալիևն Ադրբեջանը «վերադարձրեց» ԱՊՀ կազմ, որպեսզի Կրեմլի աջակցությամբ ամրապնդի սեփական իշխանությունը: Մոսկվան այսպիսով «միևնույն ջուրն է մտնում երկրորդ անգամ», բայց ռուս-ադրբեջանական ռազմական դաշինքի հեռանկար գոնե ես չեմ տեսնում:
-Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բավականին լարվածություն է նկատվում: Ինչո՞վ բացատրել դա: Արդյո՞ք ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է:
-Իլհամ Ալիևը գնում է ընտրությունների միայն մեկ «ռեսուրսով»: Դա ընդգծված միլիտարիստական հռետորաբանությունն է, «պատերազմի անխուսափելիության» թեզը: Սեփական երկրի հասարակությանը վախ ներշնչելու և այդ կերպ քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու համար շփման գծում հրահրվում են միջադեպեր: Մեծ հաշվով, Իլհամ Ալիևը նախընտրական քարոզչությունը սկսել է զորքերի շփման գծից: Միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է դրանից լրջագույն հետևություններ անեն: