Մոսկվան ինքն իրեն վանում է գործընկերներից
Նախօրեին ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացվում էր Ղրիմում կազմակերպված մի ֆորում, որտեղ ռուս մասնագետներն ուկրաինացի գործընկերներին բացատրում էին, թե ինչ բացասական հետևանքներ է ունենալու Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը և հակառակը` ինչպիսի հրաշալի հնարավորություններ են բացվելու Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության դեպքում: Ռեպորտաժի վերջում հեղինակն ամփոփեց և ընդգծեց, որ փաստը չի թաքցնում նաև Եվրամիությունը, քանի որ դրա ներկայացուցիչը Կիևում հայտարարել է, որ Ասոցացման արդյունքում ուկրաինացիները գազի էժան սակագին չպետք է ակնկալեն:
Այս ռեպորտաժից հետո` երեկոյան, տեղեկություն տրվեց, որ Ռուսաստան-Ուկրաինա սահմանին գոյացել են բեռնափոխադրող մեքենաների կուտակումներ, քանի որ ռուսական կողմը միակողմանի փակել է սահմանը կամ` չի ընդունում ուկրաինական ապրանքները (իրավիճակին տարբեր բացատրություններ էին տրվում, նաև եղելությունը ժխտելու անհաջող փորձ էր եղել):
Այս երկու փաստը լավագույնս ցույց են տալիս, թե որքան անարդյունավետ ու անտաղանդ ձևով է Մոսկվան փորձում հետխորհրդային տարածքի դրեյֆի դեմն առնել: Ակնհայտ է, որ եղած կացնային քարոզչությունը (որի մի պատառիկը վերը նշվածն է) ու ազդելու գործիքները (որոնցից մեկը ուկրաինական արտահանմանը խոչընդոտելն է) պտուղ տալ չեն կարող, ավելին` դրանք Մոսկվայի պոտենցիալ գործընկերներին ավելի են վանում:
Դատեք ինքներդ` հանրային կյանքի կազմակերպման տարբեր չափանիշներից ու պարամետրերից սկսած, մինչև շուկայի ֆիզիկական ծավալները Ուկրաինայի համար արևմուտքում սահմանակցող Եվրամիությունն ավելի գրավիչ է դարձնում, քան արևելյան հարևան Ռուսաստանը: Չկա որևէ հանգամանք կամ գործոն, հավանաբար էներգակիրների սակագներից բացի, որը Ուկրաինային կամ որևէ այլ երկրի կստիպի զուտ տնտեսական հիմքերով նախապատվություն տալ Ռուսաստանին ու նրա կողմից առաջ մղվող մոդելին: Իսկ ռուսներն անընդհատ խաղադրույք են կատարում «գազի գնի» վրա` մոռանալով, որ Ուկրաինայից արևմուտք ընկած եվրոպացիները ևս չունեն սեփական պաշարներ, վճարում են ավելի թանկ, բայց ապրում են մի քանի անգամ լավ թե՛ ուկրաինացիներից, թե՛ ռուսաստանցիներից:
Ինչ վերաբերում է սահմանի միակողմանի փակումը, ինչի հետ փաստորեն գործ ունենք (անկախ պատճառաբանությունից), ապա դա լավագույնս ցուցանում է, թե ինչ մեթոդներով է պատկերացնում Մոսկվան ինտեգրացիոն գործընթացները: Մեթոդներ, որոնք հատուկ էին անգամ ոչ թե 20-րդ, այլ` 19-րդ դարին:
Ռուսաստանի ողբերգությունն այն է, որ իր կենսական շահերի իրացման ճանապարհին գործընկերներին կանգնեցնում է 21-րդ կամ 19-րդ դարն ընտրելու երկընտրանքի առջև և զարմանում, որ արդյունքն իր օգտին չէ:
Թե ինչո՞ւ է Ուկրաինայի հարցում Ռուսաստանն այս աստիճան իրար խառնվել, գաղտնիք չէ: Ինչպես լավագույնս բնորոշել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին` Ուկրաինայի հետ Ռուսաստանը գերտերություն դառնալու շանսեր ունի, իսկ առանց Ուկրաինայի զրկվելու դրա վերջին հույսից: Իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել ոչ թե գերտերության իր կարգավիճակը, այլ բավարարել կայսերապաշտության նկրտումները:
Գերտերությո՞ւն, թե՞ կայսրություն: Այս երկընտրանքի սխալ լուծումն է Մոսկվային կանգնեցրել գործընկերների լեզուն չհասկանալու ճանապարհին, և որքան էլ տարօրինակ է, հետդարձ անելու ու ճիշտ ուղով ընթանալու փոխարեն, Մոսկվան սուրում է առաջ` ինքն իրեն ավելի հեռացնելով պոտենցիալ գործընկերներից ու ի չիք դարձնելով գերտերություն դառնալու հնարավոր հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները