Ադրբեջանում Իրանի դեսպան. Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, պատերազմի վերսկսման վտանգ կա
Եթե հակամարտող կողմերը ցանկանան, ապա Իրանը պատրաստ է ԼՂ հարցում հանդես գալ միջնորդական առաքելությամբ: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, ադրբեջանական «ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Իրանի միջնորդական առաքելության հավանականությանը, մասնավորապես նշել է. «Որպեսզի Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հանդես գա միջնորդական առաքելությամբ, նախ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան: Եթե կողմերը ընդունեն Թեհրանի միջնորդական առաքելությունը, ապա, Իրանը՝ որպես տարածաշրջանի ազդեցիկ երկիր, կողմերի հետ բանակցություններ կանցկացնի, ինչից հետո էլ կներկայացնի իր համալիր ծրագիրը: Մենք ցանկանում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»:
Դեսպան Փաքայինը, անդրադառնալով արցախյան պատերազմի վերսկսման վտանգին, նշել է. «Քանի դեռ հակամարտությունը չի լուծվել, պատերազմի վերսկսման վտանգ կա. Այդ հակամարտությունը տարածաշրջանային է, ուստի մեծ երկրները պետք է ներգրավված լինեն հակամարտության կարգավորման գործում»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Իրանի դեսպանը նշել է. «Մինսկի խումբը մինչ այժմ ի՞նչ է արել: Միայն մի քանի հանդիպում է կազմակերպել, որոնց արդյունքը նախօրոք արդեն պարզ էր: Մենք չենք կարծում, որ Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված են ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ»: