Հովհաննես Սահակյան. Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հիմնահարցը
«Ամբողջ աշխարհը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, և այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարում է, որ ղարաբաղյան հարցը ունի միայն քաղաքական լուծում, կարևոր է, բայց նորություն չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքվում ղարաբաղյան հարցի՝ միայն քաղաքական ճանապարհով լուծման մասին արված հայտարարությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նա շեշտեց, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, փոխադարձ ընկալման և քննարկման ճանապարհով:
«Եթե Իլհամ Ալիևը իր հույսը դրել է այդ նավթադոլարների վրա, որ 4 միլիարդ դոլարի զենք են գնել ՌԴ-ից և մի քանի միլարդի զենք են գնելու մեկ այլ երկրից, դա չի նշանակում, որ իրենք կկարողանան ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հիմնահարցը»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով, եթե ադրբեջանական կողմը գոնե մեկ վայրկյան կասկածեր, որ զենքի ուժով կկարողանա լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, ապա անպայման կդիմեր այդ քայլին:
Հ. Սահակյանը նշեց, որ հոկտեմբերին սպասվում է Ալիևի արդեն 3-րդ վերարտադրությունը և աշխարհում միայն սուլթանական, ավտորիտար, տոտալիտար պետությունների պարագայում է հնարավոր դիմել այդպիսի ընտրական մեխանիզմների:
«Ադրբեջանի նախագահը ներքին լսարանին զբաղեցնելու համար խոսում է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին և իր ժողովրդին ցույց է տալիս, որ միլիարդավոր նավթադոլարները ծախսում է ռազմական նպատակների համար»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները նախօրեին կայացած հանդիպման արդյունքներով հանդես եկան ճեպազրույցուվ:
Իլհամ Ալիևն անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին, աճող առևտրաշրջանառությանը, փոխադրաձ շահերին, նաև նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար:
Ալիևը առիթը բաց չթողեց՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի խնդրից և նշեց, որ հարցը պետք է լուծվի «պատմական արդարության հիման վրա»: Հիմնախնդրի կարգավորումը, ըստ Ադրբեջանի նախագահի, տարածշրջանում կայունություն, կանխատեսելիություն կբերի:
Ի տարբերության Ի. Ալիևի՝ երկար-բարակ ելույթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հիմնախնդրին անդրադարձավ կարճ. «Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է հակամարտության կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»: