ՀԿ-ները մտահոգ են. Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղորդված կամ չուղղորդված արշավը վնասում է մեր ազգային անվտանգությանը
Հայաստանյան մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջերս ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
«Եկեղեցու շուրջ կատարվող խմորումները լուրջ հարց է, հարված է ազգային անվտանգությանն ուղիղ իմաստով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԿ-ների մտահոգությունը հայտնեց «Լոռեցիների միավորում» բարեգործական ՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հղած նամակին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակում գրում է նաև, թե տարիներ անց համոզվել է, որ Վեհափառ Հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: Ըստ նրա, վախի և սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձևակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների:
Նա ընթերցեց ՀԿ-ների հայտարարությունը: Նրանք տարօրինակ են համարում, որ փորձ է արվում եկեղեցու հեղինակությանը և վարկանիշին հարված հասցնել Պատրիարքի բարձր աստիճան ունեցող եկեղեցականի կողմից: «Առավել մտահոգիչ է այն, որ անձնական նամակը դարձավ հանրության սեփականությունը, ինչը, մեր կարծիքով, անընդունելի է: …Նամակի բովանդակության հանրայնացումը չի նպաստում համայն հայության, ինչպես նաև եկեղեցու անվտանգության ապահովմանը: … Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ միասնական եկեղեցուն և անթույլատրելի ենք համարում նման ապակառուցողական մոտեցումները»,- նշված է ՀԿ-ների հայտարարությանում:
«Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի» փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղորդված կամ չուղղորդված արշավը վնասում է մեր ազգային անվտանգությանը: «Բնական է, որ Պատրիարքն ուներ մտահոգություններ, կիսվել է դրանցով, բայց կարող էր այնպես անել, որ ավելորդ շահարկումների տեղիք չտալ: Պետք էր այնպես անել, որ առաջին հերթին նամակը հասներ Սուրբ Էջմիածին»,- նշեց Մ. Մարտիրոսյանը: Նրա խոսքով, իրենք այս հայտարարությամբ ոչ մեկին չեն պաշտպանում կամ մեղադրում, այլ իրենց կոչն է` «հնարավորինս զգուշավոր լինել այն մոտեցումներում, որոնք վտանգում են եկեղեցու միասնակցությունն ու անվտանգությունը: Մենք բոլորս ենք եկեղեցի` լինելով թե եկեղեցու սպասավոր, թե հետևորդ»: