ԶԼՄ-ներ. Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարել Ուկրաինային
Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարել Ուկրաինային՝ փաստացի արգելելով ուկրաինական ապրանքների ամբողջ արտահանումը ռուսական շուկա: Այս մասին, հղում անելով Ուկրաինայի գործատուների դաշնության մամուլի ծառայության հայտարարությանը, գրում է «Новый регион» լրատվական գործակալությունը:
Գործատուների համաուկրաինական կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի գործատուների դաշնությունը դիմել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովին՝ խնդրելով հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի հետ միջակառավարական մակարդակով խնդրին լուծում տալու համար:
Նշվում է, որ բոլոր ուկրաինացի արտահանողները հուլիս ամսից սկսած ռուս-ուկրաինական մաքսային սահմանին ենթարկվում են խստագույն մաքսային հսկողության և հայտնվել են «ռիսկային գոտում»:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական ապրանքներ առաքող տրանսպորտային միջոցները Ռուսաստանի սահմանին ենթարկվում են անհիմն ստուգումների՝ ներառյալ ապրանքների բեռնաթափում, կշռում և կրկին բեռնավորում, ինչը հանգեցնում է առաքման ժամկետների երկարացմանը և արդյունքում՝ ապրանքների առաքման թանկացմանը, փչանալուն, Ռուսաստանի շուկայում ուկրաինացի արտահանողների դիրքերի թուլացմանը:
«Ռուսական կողմի այդ գործողությունների արդյունքում, կախված իրադարձությունների հետագա զարգացումից, Ուկրաինայի կորուստները կարող են հասնել 2-2,5 մլրդ ԱՄՆ դոլարի միայն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Արդյունքում՝ նշված չափով կմեծանա Ուկրաինայի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը: Կարելի է ենթադրել, որ դա կհանգեցնի նաև արդյունաբերական արտադրության ինդեքսի լրացուցիչ 7-8 % նվազման և երկրի ՀՆԱ-ի մոտ 1,5% անկման»,- գրված է Ուկրաինայի գործատուների դաշնության հայտարարության մեջ:
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այդ տեղեկատվությունը՝ հրաժարվելով տալ որևէ մեկնաբանություն:
«Ռեգնում» պարբերականը թեմայի շուրջ զրուցել է Ռուսաստանի «Մաքսային միության մատակարարներ» ասոցիացիայի նախագահ Օլեգ Նոգինսկու հետ, ով նշել է, թե ուկրաինական ապրանքների արտահանման ամբողջական արգելքի մասին տեղեկությունները չափազանցված են:
«Ոչ թե արգելվել է ուկրաինական արտահանումը ռուսական շուկա, այլ սկսվել է պարզապես ավելի խիստ զննում իրականացվել: «Ռիսկային գոտի» ասվածը նշանակում է, որ ուկրաինական ապրանքները չեն հատում սահմանը հեշտացված կարգով: Եթե արտահանողը իրոք արտահանում է այն, ինչ գրված է մաքսային հայտարարագրում, ապա չի կարող ռիսկ կրել»,- պարզաբանել է ռուս փորձագետը:
Սակայն «Новый регион» լրատվական գործակալության հետ զրույցում Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Միխայիլ Չեչետովը հայտարարել է, որ ռուսական մաքսային սահմանին ուկրաինական արտահանման արգելքը միջին օղակի պաշտոնյաների որոշում է, ովքեր բացահայտորեն «համը հանել են»:
«Այո, կան Ռուսաստանում, ինչպես մեզ մոտ, ծայրահեղական քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են կռվեցնել մեզ: Սակայն մենք չպետք է տրվենք դրան: Վստահ եմ, որ նախագահների մակարդակով գտնվի բավարար խոհեմություն, որպեսզի լուծվի այս հարցը»,- նշել է ուկրաինացի պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ «Роспотребнадзор»-ը արգելել է Ռուսաստան ներկրել ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրած հրուշակեղեն, ինչը պատճառաբանվել է դրանցում մարդու առողջության համար վտանգավոր նյութերի առկայությամբ:
Նշենք, որ աշնանը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում նախատեսվում է Եվրամիության և Ուկրաինայի միջև ստորագրել Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիր, ինչը ենթադրում է Եվրամիության և Ուկրաինայի միջև առևտրի մաքսային սահմանափակումների վերացում:
Նախորդող՝ «Նեզավիսիմայա Գազետա». Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շոկոլադե պատերազմը» կարող է մասնատել ԱՊՀ-ն
«Roshen»-ի արտադրանքն արգելվել է վաճառքի ՌԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում