«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային 8-րդ փառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին
Սեպտեմբերի 7-13-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում անցկացվելու է «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային 8-րդ փառատոնը: Փառատոնի այս տարվա խորագիրն է՝ «Տիկնիկներն հանուն բարեկամության և մշակույթների մերձեցման: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Փառատոնի կազմակերպիչն է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»: Փառատոնի նպատակն է՝ նպաստելու համար հայ մշակույթի տարածմանը, տարբեր ազգերի միջև մշակութային փոխանակումների և երկխոսության զարգացմանը:
Փառատոնն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում` հյուրընկալելով տիկնիկային թատրոններ Հայաստանից, Արցախից և Ջավախքից, նաև արտասահմանյան երկրներից: Անցած յոթ տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են տիկնիկային թատրոններ և տիկնիկային արվեստի գործիչներ աշխարհի 22 երկրներից:
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոն-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես կգան նաև Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Էջմիածնի, Ախալքալակի, Սպիտակի, Դսեղի, Մրգաշատի, Մեծամորի, Շուշիի տիկնիկային թատրոնները, ինչպես նաև ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված 4 տիկնիկային թատրոնները: Փառատոնի ներկայացումները դիտելու են Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Ալավերդու, Թումանյանի և մարզի 18 համայնքների երեխաներ և մեծահասակներ:
Փառատոնին մասնակցելու արդեն նախնական հայտեր են ներկայացրել տիկնիկային թատրոններ Վրաստանից, Բելգիայից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Դանիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ալժիրից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղազախստանից, Թուրքմենիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև թատրոններ Արցախից, Ջավախքից և Հայաստանի տարբեր մարզերից:
Փառատոնի օրերին կանցկացվի սեմինար նվիրված հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի կողմից աշխարհի ժողովուրդների հեքիաթների և մանկական բանաստեղծությունների թարգմանություններին ու փոխադրություններին, ինչպես նաև նրա ստեղծագործությունների ներկայացմանը աշխարհի տարբեր լեզուներով: Այս տարի նախատեսված է հատուկ սեմինար` «Տիկնիկների և տիկնիկային արվեստի դերը երեխաների մտավոր և հոգեբանական խնդիրների գործում» վերտառությամբ:
Ամեն օր գյուղապետարանի դահլիճում գործելու է «Երեկոյան ակումբը», որի ընթացքում կայանալու են ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակումներ: Աշխարհահռչակ տիկնիկային գործիչների կողմից տրվելու են վարպետության դասեր հետևյալ թեմաներով. «Տիկնիկային արվեստը հանուն հանդուրժողականության և բարեկամության», «Տիկնիկային արվեստը 21-րդ դարում», «Տիկնիկային արվեստի հնագույն օրրանները շարքից` Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա», «Ժամանակակից հեքիաթագիրները և տիկնիկային թատրոնը», «Քաղաքացիական հասարակության կայացման և անհատի բազմակողմանի զարգացման խնդիրները տիկնիկային արվեստում»:
Փառատոնի կազմկոմիտեն ինչպես անցած փառատոնի ժամանակ, այս տարի նույնպես 13 «Կարապետ» մրցանակ է շնորհելու առավել աչքի ընկած տիկնիկային գործիչներին: