Մուրադ Նազարյանը թուրքական դատարանում. «Ես չեմ հիշում, այդ սպանությունը ես չեմ կատարել»
Թուրքիայում տեղի է ունեցել Մուրադ Նազարյանի քրգործով երկրորդ դատալսումը: Նազարյանը մեղադրվում է Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասում նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին տարեց կանանց վրա հարձակումներ գործելու, սպանելու և նրանց բռնության ենթարկելու մեջ:
«Ermenihaber.am» լրատվականը, հղում անելով թուրքական «Radikal» պարբերականին, հայտնում է, որ նախորդ դատալսման ժամանակ փաստաբանի բացակայության պատճառով լռություն պահպանած Նազարյանն այս անգամ խոսել է դատարանում:
Նա շարունակ ասել է. «Ես չեմ հիշում: Այդ սպանությունը ես չեմ կատարել»: Իսկ ավելի վաղ ոստիկանական բաժանմունքում, երբ Նազարյանն ասել էր, թե հնարավոր է, որ այդ հանցագործությունն ինքը կատարած լինի, պարզաբանել է, որ դա ասել է հոգեբանական ճնշման ազդեցությամբ:
Դատարանը որոշում է կայացրել ընդլայնել հարցաքննության շրջանակները և հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ին: Դա նշանակում է, որ հաջորդ դատալսմանը պետք է ներգրավված լինեն տուժող կողմի լրացուցիչ ներկայացուցիչներ և նրանք պետք է առերեսվեն կասկածյալի հետ:
Նշվում է, որ դատալսմանն առաջին անգամ ներկա են գտնվել Մուրադ Նազարյանի ազգականները: Երբ տուժող կողմի հարազատները դժգոհել են դատարանից, թե դատավարությունը դանդաղ է ընթանում, ամբաստանյալի հարազատները զայրացած բղավել են, թե իրենք արդարություն են ուզում, ոչ թե դատավարության արագություն: Նրանք համարում են, որ Մուրադը չի կատարել այդ հանցագործությունները, դրանց հետևում ուրիշներն են կանգնած:
Հիշեցնենք, Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ձերբակալվելուց հետո բժշկական ստուգում անցած Մուրադ Նազարյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա: