Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը դատի է տալիս «Yandex»-ին
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ռուսական հայտնի «Yandex» որոնողական համակարգի: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» կայքը` վկայակոչելով թուրքական «ahaber» լրատվամիջոցը:
«Yandex»-ը մեղադրվում է Անկարայում և Ստամբուլում գտնվող զորամասերի տեղակայման վայրերը լուսանկարելու և համացանցում տեղադրելու մեջ: Առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է այն փաստարկով, որ թուրքական օրենսդրությունն արգելում է տեսալուսանկարահանել ռազմական նշանակության շինություններն ու վայրերն առանց հատուկ թույլտվության:
Ըստ թուրքական «ahaber» լրատվական կայքի` Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից արդեն համապատասխան գրություն է ուղարկվել է Ստամբուլի հանրապետական դատախազություն: Գրության մեջ ներկայացված է պահանջ «Yandex»-ի պատասխանատուներին անհապաղ իրավական պատասխանատվության ենթարկելու մասին: Նման օրինախախտության համար նախատեսվում է ազատազրկում և տուգանք:
Նշվում է, որ «Yandex»-ը գործում է 1997 թվականից: Այն ներկայացուցչություն ունի ինչպես Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, այնպես էլ` Թուրքիայում: «Yandex»-ի համաբավը Թուրքիայում բավականին մեծ է և օրական ավելի քան 2մլն օգտատերի ծառայություն է մատուցում: Թուրքիայում «Yandex»-ն արդեն մարտահրավեր է նետել «Google»-ին: 4000 աշխատակից ունեցող «Yandex»-ի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում, իսկ Թուրքիայի ներկայացուցչությունում աշխատում է շուրջ 50 հոգի: