«Ադրբեջանցի ռազմագերուն Բաքվին հանձնելու և Ինջիղուլյանի Հայաստան վերադառնալու միջև ուղղակի կապի մասին խոսք չի կարող լինել»
«Ադրբեջանցի ռազմագերուն Բաքվին հանձնելու և Ինջիղուլյանի Հայաստան վերադառնալու միջև ուղղակի կապի մասին խոսք չի կարող լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` անդրադառնալով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի շուրջ ստեղծված իրադրությանը:
«Իրավիճակը ներկայումս անորոշ է: Բանակցային փուլը շարունակվում է: Մենք փորձում ենք բոլոր հնարավոր ուղիներով ջանքեր գործադրել, որ այս հարցը շուտափույթ կերպով դրական լուծում ստանա»,- նշեց Արմեն Կապրիելյանը:
Անդրադառնալով Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևի հետ Հակոբ Ինջիգուլյանին հնարավոր փոխանակման մասին շրջանառվող լուրերին, Ա. Կապիերյանը նշեց. «Իմ խորին համոզմամբ, փոխանակում բառի արծարծումն անգամ, արդեն իսկ միջազգային մարդասիրական իրավունքի, նորմերի խախտում է: Ընդհանրապես այդ հասկացությունը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Ենթադրվում է, որ տվայլ պետության իշխանությունները պետք է բարի կամք դրսևորեն և վերադարձնեն ռազմագերուն: Այս դրույթները ներառված են տվյալ ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերում` Ժնևյան Կոնվենցիաներում և լրացուցիչ արձանագրություններում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ունեցած մանդատի համաձայն չեզոք, անկողմնակալ և միջնորդ կառույց է հանդիսանում: Իհարկե ես հասկանում եմ, թե ինչ ուղղությամբ են գնում քննարկումները: Ներկայումս Հայաստանում է գտնվում ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը: Նույն միջազգային մարդասիրական ոլորտը կարգավորող օրենքների համաձայն հաշվի է առնվում ռազմագերու հայրենիք վերադառնալու կամ հակառակը` չվերադառնալու ցանկությունը: Երբեմն ռազմագերին ցանկություն է արտահայտում անցնել երրորդ երկիր, երբեմն դիմում է տվյալ պետությունում ապաստան ստանալու խնդրանքով: Ֆարաջևի պարագայում ռազմագերին ի սկզբանե սահմանը հատել էր դիտավորյալ և առաջին իսկ օրվանից ցանկություն էր հայտնել տեղափոխվել երրորդ երկիր: Սակայն բոլորովին վերջերս ռազմագերին փոխել է իր կարծիքը և ցանկանում է վերադառնալ Ադրբեջան:
Հայաստանը անշեղորեն հետևում է ստանձնած միջազգային պարտավորություններին, սակայն Ֆարաջևի Ադրբեջան վերադարձը Ինջիղուլյանի Հայաստան վերադառնալու հետ ուղղակի կապելու մասին խոսք չի գնում:
Հիմա մեր բոլոր ջանքերը ուղղված են Ինջիղուլյանի Հայաստան վերադարձնելուն: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ մենք փորձում ենք էլ ավելի ակտիվացնել բանակցային գործընթացը: Ցանոք սրտի, բանակցային գործընթացում Ադրբեջանը մինչ այս պահը պասիվություն է ցուցաբերում: Հուսանք, որ կկարողանանք մեր ռազմագերուն շուտափույթ վերադարձնել Հայաստան»:
Հաշվի առնելով` 2010 թ Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի հետ կապված պատմության ողբերգական ավարտը, որքանո՞վ է ներկույումս ապահովված հայ ռազմագերու անվտանգությունը Ադրբեջանում, հարցին Ա. Կապրիելյանը պատասխանեց, որ ներկայումս որևէ տեղեկություն չունի Հակոբ Ինջիղուլյանի հոգեկան և առողջական վիճակի մասին` կիսելով մեր մտահոգությունները:
«Իհարկե մենք տեղյակ ենք բոլոր բացասական երևույթներից և խիստ մտահոգված ենք մեր հայրենակցի ճակատագրով: Հաշվի առնելով անցյալի դառը փորձը ինչպես նաև ներկայումս առկա բացասական երևույթները` պետք է նշել, որ որքան երկար հայ երիտասարդը մնա Ադրբեջանում, այնքան նրա վիճակը կարող է վատթարանալ:
Տվյալ դեպքում կրկին որպես միջորդ կազմակերպություն ԿԽՄԿ-ն ստաձնում է որոշակի դերակատարում: Կազմակերպության ներկայացուցիչները պետք է այցելեն ռազմագերուն և պետք է նրա ընտանիքի անդամներին, համապատասխան կառույցներին` խոսքը Գերիների, պատանդներին և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և մեր աշխատանքային խմբի մասին է, տրամադրեն որոշակի պաշտոնական տեղեկություններ ռազմագերու առողջական, հոգեկան վիճակի, պահվելու պայմանների մասին, ունի արդյո՞ք գանգատներ, բողոքներ և այլն: Առայժմ, սակայն որևէ տեղեկատվության չենք տիրապետում: Մեր ջանքերը ուղղված են նրան, որ ԿԽՄԿ-ի պատվիրակները շուտափույթ կերպով այցելեն մեր զինվորին և մեզ տրամադրեն ստույգ տեղեկություններ»,- ասաց Ա. Կապրիելյանը:
Անդրադառնալով ադրբեջանական հեռուստաալիքի պատրաստած այն տեսանյութին, որտեղ զինծառայողը իբր հարցազրույց է տալիս հեռուստաընկերությանը, Կապրիելյանը նշեց. «Սա միանշանակ միջազգային մարդասիրական նորմերի և Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ խախտում է: Ադրբեջանը, փոխանակ շուտափույթ կերպով կազմակերպի ԿԽՄԿ-ի պատվիրակների հանդիպում հայ ռազմագերու հետ, ինչ-որ հարցազրույցներ են կազմակերպվում: Ժնևյան կոնվենցիաների հիմնական դրույթներներից մեկն այն է, որ ռազմագերին պետք է զերծ լինի հասարակական հետաքրքրությունից: Ցավոք սրտի սա ադրբեջանական կողմի գործելաոճն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները