Եգիպտոսի հայ համայնքին վտանգ չի սպառնում
Եգիպտոսում արդեն մի քանի օր է չի դադարում արյունահեղությունը: Դրանք օրեցօր նոր թափ են ստանում և սպառնում են կաթվածահար անել երկիրը: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը հասել է 638-ի, վիրավորներինը՝ 4000-ի: Անկարգություններն ուղեկցվում են նաև կրոնական փոքրամասնությունների, այս պարագայում ղպտիների, քրիստոնյաների վրա հարձակումներով:
Panorama.am-ին հաջողվել է կապ հաստատել ուսման նպատակով Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հետ, ով հայտնել է, որ այս պահին հայ համայնքին վտանգ չի սպառնում: Հակահայկական տրամադրություններ չկան: Հայկական եկեղեցիները հարձակումների չեն ենթարկվել: Կահիրեում հայկական առաջնորդարանի պատին հայտնված իսլամիստական գրությունները ոչ թե հայերի դեմ են ուղղված, այլ պարզապես Մուրսիի կողմնակիցների կարգախոսներ են (Եգիպտոսը՝ իսլամական երկիր, Մուրսի՛, վերադարձիր, մահ քաֆիրներին (անհավատներին)), որոնք հայտնվում են ցանկացած վայրում:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իշխանությունները խորհուրդ չեն տալիս տանից դուրս գալ հատկապես պարետային ժամերին, քանի որ արտասահմանյան անձնագրերով մարդկանց չեն վստահում:
Իսլամիստների հիմնական թիրախը ղպտիներն են, քանի որ ղպտիների պատրիարք Թավադրոս 2-րդ-ը ողջունել էր Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալումը և նախկինում բազմիցս քննադատել էր «Մուսուլման եղբայրների» կառավարությունը: Ըստ ղպտիական Մասպերո երիտասադրական միության տվյալների՝ Եգիպտոսի 9 նահանգում իսլամիստներն այրել են 36 եկեղեցի: Զոհվել է մի քանի մարդ: Իր հերթին Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Կահիրեում իսլամսիտները հարձակվել և այրել են առնվազն 7 եկեղեցի:
«Իրավիճակը զբոսաշրջային քաղաքներում համեմատաբար հանգիստ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները