«Eturbonews». Արագորեն աճում է Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը
Համաշխարհային զբոսաշրջության նորությունների «Eturbonews» պարբերականը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման ներկա տեմպերին, ինչպես նաև ներկայացրել օտարերկրյա զբոսաշրջիկների տպավորությունները Արցախի բնաշխարհի և պատմամշակութային հուշարձանների մասին:
Վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զբոսաշրջության վարչության հրապարակած տվյալները՝ պարբերականը գրում է, որ այս տարվա առաջին կիսամյակում կրկնապատկվել է Արցախ այցելող օտարեկրյա զբոսաշրջիկների թիվը:
«Նախորդ տարի 86 ազգերի մոտ 16 հազար զբոսաշրջիկներ այցելել են Ղարաբաղ, ինչը 40 %-ով ավել է 2011թ.-ի տվյալներից: Նրանք իջևանելու, սննդի և ծառայությունների համար ծախսել են մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Այս տվյալների մեջ ներառված չեն Հայաստանի բնակիչները, ովքեր նույնպես վերջին ժամանակներում ավելի շատ են այցելում Ղարաբաղ: Զբոսաշրջության ոլորտի այս աճն ակնհայտ է դառնում նոր հյուրանոցների և իջևանատների ի հայտ գալով ոչ միայն Ստեփանակերտում, այլև Շուշիում»,- գրում է պարբերականը:
Շարունակելով ներկայացնել վիճակագրական տվյալներ՝ պարբերականը նշում է, որ ԼՂՀ Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ զբոսաշրջիկները թվի աճը վկայում է, որ չնայած Ադրբեջանի հարուցած խոչընդոտներին՝ ԼՂՀ իշխանությունները կարողացել են առաջ մղել Արցախի տուրիստական գրավչությունը:
«Պետությունն իրականացնում է զբոսաշրջության համակարգված քաղաքականություն: Դա ենթադրում է տուրիստական շուկաների համար ԼՂՀ-ի գրավիչ կերպարի ձևավորում, ինչն արվում է հեղինակավոր պարբերականներում հատուկ գրքույկների և հոդվածների հրապարակմամբ: Մեր գործունեության հաջորդ ուղղությունը զբոսաշրջիկների համար ավելի հարմարավետ պայմանների ապահովումն է, ինչը ենթադրում է ոչ միայն տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, այլև Արցախում ավելի շատ պատմական դիտարժան վայրերի բացահայտում զբոսաշրջիկների համար»,- ասել է Ս. Շահվերդյանը:
Պարբերականը գրում է, որ զբոսաշրջիկներին գրավում է Արցախի լեռնային բնապատկերը, միջնադարյան հայկական եկեղեցիները, ինչպես նաև քարանձավային համալիրները, որոնք համարվում են Եվրասիայում մարդկության բնակության հնագույն վայրերից:
«Ես կարծում էի, թե Ղարաբաղը փոքր է, ինչպես մի գյուղ, բայց այն շատ ավելի մեծ է: Չէի ակնկալում տեսնել այստեղ այսքան շատ բնական գեղեցկություն»,- Արցախ այցելելու իր տպավորություններով է կիսվել ազգությամբ հայ քուվեյթցի զբոսաշրջիկը և հավելել. «Ինչպես գիտեք, Քուվեյթը անապատային երկիր է: Այնտեղ փաստացի չկան կանաչ տարածություններ: Այնտեղ ապրող մարդիկ չեն տեսել այսքան շատ կանաչ վայրեր և լեռներ»: