Արվեստասեր հանրությունն առաջին անգամ ներկայացվելու է Արա Բեքարյանի մի շարք գեղանկանկարչական և գրաֆիկական աշխատանքներ
Օգոստոսի 23-ին Ազգային պատկերասրահում բացվելու է ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որը կազմված է վաստակաշատ արվեստագետի գեղանկանկարչական և մի շարք գրաֆիկական աշխատանքներից: Դրանց մեծ մասը ընտանիքի սեփականությունն է և արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Արա Բեքարյանի ստեղծագործությունների ծավալուն պատկերագիրքը, որն ամբողջական պատկերացում է ստեղծում նկարչի արվեստի մասին:
Ա. Բեքարյանը ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Արվեստագետին առավելապես գրավել է գյուղական կյանքը, ինչը նա մարմնավորել է պարզ ու ընդհանրացված ձևերով` զերծ կենցաղային, ազգագրական մանրամասների շեշտադրումից: Նկարչին հարազատ, մտերիմ մարդկանց դիմանկարներն առանձնանում են մարդկային բազմազան խոհերի ու ապրումների արտահայտման մեծ վարպետությամբ: Անմիջական ընկալումով ու քնարական մեղմ տրամադրությամբ են համակված բնապատկերները, որոնք լակոնիկ կառուցվածքով ու նուրբ գունազգացողությամբ, գեղարվեստական մտածողությամբ այժմեական հնչողություն ունեն:
Նախորդող նորություն՝ «Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)