«Լույս հայի աչքերին». Լոռիում մոտ 4 հազար մարդ օգտվել է անվճար ծառայությունից
Հուլիս և օգոստոս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում, արդեն ակնային հետազոտություն է անցել շուրջ 4,000 մեծահասակ, մինչդեռ զննումները դեռ ընթացքի մեջ են: Դուրս է գրվել 1,900 ակնոց:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, լազերային բուժում և վիրահատություն ստացած մարդկանց թիվը մինչև աշխատանքների ավարտը կհասնի շուրջ 400-ի: Հիշեցնենք, որ «Լույս հայի աչքերին» լայնածավալ մարզային ծրագրի շրջանակներում նախ բժիշկ մասնագետները զննում են բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ հայտնաբերվում են վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, ուղեգրվում են աչքի շարժական հիվանդանոց անվճար բուժումը ստանալու համար, կամ անհրաժեշտության դեպքում ստանում են ակնոց:
Լոռու մարզում աշխատանքներին ներկա լինելու համար այսօր մարզի Ջրաշեն գյուղ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, ով մասնավորապես ասել է. «Լոռու մարզում աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբին, և բժշկական խմբերն արդեն հասցրել են անվճար ակնաբուժական օգնություն ցուցաբերալ շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան սպասվում էր: Աշխատանքները դեռ կշարունակվեն մոտակա շաբաթների ընթացքում, հատկապես Սպիտակի տարածաշրջանում: Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք օգտակար լինել սպասվածից ավելի շատ մարդկանց, միևնույն ժամանակ սա ցույց է տալիս, թե որքան անհրաժեշտ են այս ծառայությունները մարզերի բնակիչներին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանից ժամանած և տեղի ակնաբույժներին իրենց համբերատար ու հոգատար աշխատանքի համար»:
«Մենք կարևորում ենք այն փաստը, որ մեր համագործակցությունը Orange Հիմնադրամի հետ կրում է երկարատև և շարունականան բնույթ՝ ՀՀ մարզերում ՀԱՆ-ի համար ստեղծելով գործունեության ավելի լայն հնարավորություններ: Ավարտելով աշխատանքները Լոռիում՝ ՀԱՆ-ը կսկսի իր առաքելությունը Շիրակի մարզում: Մեծահասակների հետ միասին ակնային զննումներ կանցնեն նաև մարզի ինը դպրոցների երեխաներ, ովքեր նաև կմասնակցեն ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացների: Մեր բժշկական խմբերը կայցելեն Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում», - ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մանրամասների համար Շիրակի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Շիրակի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա