Նավթից ու գազից ստացված եկամուտներն Ադրբեջանը ծախսում է բրիտանացի պատգամավորներին լռեցնելու վրա
Նավթի ու գազի պատճառով Եվրոպան աչք է փակում Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում առկա ողորմելի վիճակի վրա: Այս մասին գրում է էներգետիկայի ոլորտում ժողովրդավարական գործընթացներով զբաղվող «Platform London» բրիտանական կազմակերպությունը: Հոդվածում, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հեղինակը «նավթի-գազի դիկտատոր» է անվանում, նշվում է, որ նավթից ու գազից ձեռք բերված եկամուտները ծախսվում են ոչ թե Ադրբեջանի բնակչության համար, այլ՝ բրիտանացի պատգամավորներին լռեցնելու նպատակով:
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն վերջերս Բրյուսելում մեծ շուքով ընդունեց նավթի-գազի դիկտատոր Իլհամ Ալիևին և գովեց, որ երկիրը «զարգացում» է ապրում: Այդ ժամանակ նա չխոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում եղած խնդիրներից, ընտրակեղծիքներից, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության բռնաճնշումներից, բազմաթիվ քաղաքական ձերբակալություններից: Այդ հանդիպման ժամանակ Ալիևը Եվրոպային երկու տրիլիոն խորանարդ մետր գազ խոստացավ: Երկար տարիներ է՝ Ադրբեջանի քաղաքացիները Եվրոպայի քաղաքական գործիչներին կոչ են անում աջակցել ժողովրդավարության ուղղությամբ իրենց պայքարին, բայց երևում է` Եվրոպային ավելի շատ գազ ձեռք բերելն է հետաքրքրում»,- նշվում է հոդվածում:
Հեղինակը գրում է, որ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանի ժողովրդի պայքարին աջակցություն ցուցաբերելու փոխարեն բարեկամացել է ավտորիտար Իլհամ Ալիևի հետ: Ալիևի ռեժիմի կողմից ստեղծված «Եվրոպա-Ադրբեջան միությունը» լուրջ աշխատանքներ է տանում լոբբիստական խմբերի հետ: Արդյունքում նրանք կառավարության որոշումների վրա ազդելու հնարավորություն են ձեռք բերել: Այսպես, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներ Մարկ Ֆիլդը և Քրիստոֆեր Փինչերն այդ կազմակերպությունից 6 հազարական ֆունտ սթեռլինգից ավելի գումար են ստացել:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան նշում է, որ Ադրբեջանում ութսունից ավելի քաղբանտարկյալներ կան: Չնայած դրան` Եվրախորհրդարանը չի ծրագրում դիտարկել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: Եվ այդ ամենը Ալիևի խոստացած 2 տրիլիոն խորանարդ մետր գազի պատճառով է: Ըստ հեղինակի, Կասպից ծովից Եվրոպա նախատեսված գազատար խողովակաշարի անցկացումը Ալիևի ռեպրեսիվ ռեժիմի` իշխանության մեջ մնալու ծրագրերի բաղկացուցիչ մասն է:
«Այդ գազատարի անցկացման դեպքում, ադրբեջանական գազը կհասնի Իտալիա, իր հերթին, Ալիևի կլանն էլ միլիարդներ կստանա: Բայց Ադրբեջանի քաղաքացիները կրկին կկանգնեն քանդված ենթակառույցների և անհասանելի առողջապահության խնդրի առջև»,-նշում է բրիտանական կազմակերպությունը: