Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 465 մլն դրամ
Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն աշխատանքային այցեր է սկսել նորոգվող կրթական օբյեկտներ: Այսօր նախարար Թադևոսյանը եղավ Երևանի թիվ 29 և 174 դպրոցներում, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին. տեղեկացնում են քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 դպրոցում նախ հետազոտություններ են կատարվել, գնահատվել շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա իրականացվել ուժեղացման աշխատանքներ` բարձրացնելով կառույցի սեյսմազինվածության մակարդակը: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 465 մլն դրամ, որի շրջանակներում ոչ միայն ամբողջությամբ հիմնանորոգվել է դպրոցի շենքը, տանիքը, սանհանգույցը, դահլիճները, բակը, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ, այլ նաև մասամբ լուծվել է կահավորման հարցը: Կրթական այս օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Արտաշատշին» ՍՊԸ-ն:
Թիվ 174 դպրոցի տնօրեն Գ. Վասիլյանը տեղեկացրել է, որ 1979 թվականին կառուցված այս դպրոցում առաջին անգամ է շինարարական աշխատանքներ իրականացվում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակերում հիմնովին փոխվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել դպրոցի դահլիճը, ճաշարանը, դասասենյակները, լաբորատոր և ռազմագիտության կաբինետները, սանհանգույցը, միջանցքները, աստիճանահարթակները, սալվածքները և այլն: Հիմնանորոգման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ, հիմնանորոգումը իրականացրել է «Մոմիկ» ԱԿ ընկերությունը:
Նախարարությունիվ նաև հայտնում են, որ այս ուսումնական տարում ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը շահագործման կհանձնի 6 կրթական օբյեկտ: Ի դեպ, այս տարի քաղաքաշինության նախարարությունը սկզբունքային նոր մոտեցում է որդեգրել կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման հարցում:
Նախ հետազոտություններ են իրականացվում 2013 թ. բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Սա միտված է նաև պետական միջոցների նպատակային ծախսմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա