Մեծ Բրիտանիայի վարչապետը խնդրել է ԵՄ-ին միջամտել Ջիբրալթարի շուրջ ընթացող զարգացումներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խնդրել է ԵՄ-ին փորձագիտական խումբ ուղարկել Ջիբրալթարի հետ սահմանին Իսպանիայի ներմուծած սահմանային վերահսկողության հարցը հրատապ հետաքննելու համար: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Տասը օր առաջ Իսպանիայի իշխանությունները խստացրել էին տրանսպորտային միջոցների ստուգումները, ինչը զբոսաշրջիկների ու բնակիչների համար զգալի ձգձումների պատճառ էր դարձել:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Քեմերոնը հայտարարել է, որ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, և որ իսպանացիները խախտում են ԵՄ կանոնները:
Անցած շաբաթ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն Ջիբրալթարում սեփական շահերի պաշտպանության համար:
Նշենք, որ վերջին շրջանում կտրուկ սրվել է Միացյալ Թագավորության ու Իսպանիայի միջև լարվածությունը Ջիբրալթարի շուրջ, այն բանից հետո, երբ Բրիտանական անկլավի իշխանությունները արգելել էին իսպանական ձկնորսական նավերերին գործունեություն ծավալել Ջիբրալթարի ջրերում: