Իլհամ Ալիևը ԼՂ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու համար ամենառացիոնալ ընտրությունն է
Ներկա պայմաններում Իլհամ Ալիևը ԼՂ բանակցային գործընթացի շարունակականությունը ապահովելու համար ամենառացիոնալ ընտրությունն է: Անդրադառնալով ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի` օգոստոսի 17-ին Ծաղկաձորում «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը ` Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Տվյալ պարագայում խոսքը գնում է ադրբեջանական կողմի այն ներկայացուցչի մասին, որի հետ արդեն տևական ժամանակ առկա է համապատասխան բանակցային գործընթաց: Ակնհայտ է, որ ներկա պայմաններում դժվար թե Ադրբեջանում իշխանափոխության որևէ փորձ լինի: Էլ ավելի ակնառու է, որ այս դեպքում խոսք չի կարող գնալ նաև շատ թե քիչ ժողովրդավարական ընտրությունների, առավել ևս` դրանց միջոցով իշխանափոխության մասին: Այս պարագայում բանակցային գործընթացի շարունակականությունը ապահովելու առումով ամենառացիոնալ ընտրությունը, փաստորոն, Ալիևի անձն է»,- բացատրեց Ա. Մարկարովը:
«Իհարկե, Իլհամ Ալիևը հրեշտակ չէ, սակայն ներկայումս այն ֆիգուրն է, ով կենտրոնացրել և վերհսհսկում է իշխանությունը Ադրբեջանում և ում հետ մենք, ըստ էության, պետք շարունակենք բանակցությունները»,- հավելեց բանախոսը:
Նախորդիվ` Սերժ Սարգսյան. Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթեր