ԱՄՆ նախկին դեսպան. Ադրբեջանն արդեն այնքան էլ կարևոր չէ Արևմուտքի համար
«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան կատարած այցելությունը ԱՄՆ-ի կողմից մեծ ուշադրության է արժանացել: Մարդիկ, ովքեր ծանոթ են տարածաշրջանում առկա իրավիճակին, այդ այցելության մեջ ոչ մի անսովոր բան չեն տեսնում»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել էր Ադրբեջանում ԱՄՆ նախկին (1994-1997թթ.) դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
«Ադրբեջանի մի քանի պաշտոնական դեմքեր ինձ ասում են, որ Բաքուն պետք է աչալուրջ լինի, քանի որ ադրբեջանական ընդդիմության առաջնորդին Մոսկվան է աջակցում: Ինձ թվում է, այդ խոսակցությունները լուրջ չեն: Պուտինի այցելությունը կապված չէ Ադրբեջանի ներքին խնդիրների հետ և պայմանավորված է միայն տնտեսական խնդիրներով»,- ասել է Կոզլարիչը:
Նախկին դեսպանը նշել է, որ Օբամայի աշխատակազմի որոշ քաղաքական գործիչներ անհանգստացած են, որ Ադրբեջանում կարող է տեղի ունենալ ևս մեկ ոչ ժողովրդավարական ընտրություն:
«Ինձ թվում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ լինի ոչ միայն արդար ընտրություններ անցկացնելու հարցում, այլև՝ խոսքի ազատության ապահովման ու հավատացյալների իրավունքների հարցերում: Ես՝ որպես կողմնակի դիտորդ, կարող եմ ասել, որ Ադրբեջանում բացասական գործընթացներ են նկատվում և ընդհանուր առմամբ իրավիճակը բավական մտահոգիչ է»,- ասել է Կոզլարիչը:
Դեսպանը նաև նշել է, որ երկրի իշխանությունների մոտ կեղծ պատկերացումներ են ձևավորվել այն մասին, որ Ադրբեջանն այսօր Արևմուտքին ավելի շատ է պետք, քան Արևմուտքը Ադրբեջանին:
«Վերջին քսան տարիների ընթացքում Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները տրամագծորեն փոխվել են: ԱՄՆ-ը հեռանում է Աֆղանստանից, այդ պատճառով էլ Ադրբեջանի նշանակությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցող պետության, նվազում է: Երկրորդ` Եվրոպայի էներգառեսուրսների պահանջն այլևս չի ավելանում: Եվրոպայում ամենուր ընթանում է տեղական գազն օգտագործելու գործընթաց: Այդ ֆոնին Ադրբեջանի նշանակությունն այնքան մեծ չէ, որքան նախկինում էր: Ընդհանուր առմամբ, եթե նայենք այսօրվա իրավիճակին և հինգ տարի առաջ գոյություն ունեցող իրավիճակին, ապա կարող ենք վստահաբար ասել, որ Արևմուտքի համար Ադրբեջանի նշանակությունը նվազել է: ԱՄՆ-ն այսօր այլ առաջնահերթություններ ունի»,- նշել է Կոզլարիչը:
Պատասխանելով երկրում երիտասարդ ակտիվիստների վերջին ձերբակալությունների մասին հարցին, նախկին դեսպանը նշել է, որ դրանք պայմանավորված են իշխանությունների վախով: