Կենտրոնի քննչականում 3 ակտիվիստների նկատմամբ նյութեր են նախապատրաստվում
Օգոստոսի 17-ին, գիշերը ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց: Օգոստոսի 18-ին նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
Այս կապակցությամբ ֆեյսբուքյան տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարի շրջանակներում ստեղծված «Վճարում ենք 100 դրամ» խմբում քաղաքապետարանի դեմ ակցիայի մասնակից ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանը այս դեպքի կապակցությամբ գրել է հետևյալը. «Երեք քաղաքացիների՝ Գոռ Առաքելյանին, Կարեն Հարությունյանին և Մելիք Դավոյնին այսօր (օգոստոսի 17-ին) գիշերը ոստիկանությունը առանց որևէ հիմնավորման բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք։ Երեք ժամ պահելուց տղաներին բաց են թողել։ Մենք դատապարտում ենք ոստիկանության նման անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը․ ոստիկանության գործողությունները հիմնված չեն օրենքի վրա, կամայական են, անհիմն»։