Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև զինված հակամարտությո՞ւն
Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև «Քյափազ» (թուրքմենական կողմն այն անվանում է «Սերդար») կոչվող նավթագազային հանքավայրի համար տևական վեճն այդպես էլ լուծում չի ստանում, թեև ադրբեջանական կողմը համատեղ շահագործման տարբերակ էր առաջարկել: Այս մասին ադրբեջանական minval.az լրատվական գործակալությանը հայտնել էր ռուս հայտնի փորձագետ, հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովը:
Նրա խոսքով` անցյալ տարi` սկսած 2012 թվականի հունիսին տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանական սահմանապահ ուժերը չէին թույլատրել թուրքմենական նավին այդ հանքավայրում սեյսմակայունության ուսումնասիրություն անցկացնել, խնդիրն, ըստ էության, չի շարժվել տեղից:
Առայժմ գործում է Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև 2008 թվականին կնքված համաձայնագրի այն դրույթը, որի համաձայն` այդ հանքավայրում որևէ աշխատանք չպետք է տարվի մինչև Կասպից ծովի կարգավիճակի որոշումը:
Բացի այդ, Թուրքմենստանը նաև իր իրավունքներն է ներկայացնում երկու այլ հանքավայերի նկատմամբ` «Ազերի» և «Չիրագ», որոնց վիճելիությունը Ադրբեջանը չի ճանաչում և շահագործում է 1994 թվականից:
Դ. Վերխոտուրովը նաև նշել է, որ այդուհանդերձ, «Թուրքմենստանը թե ծովում, թե ցամաքում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեխնիկական հնարավորություններ ունի», հավելելով, որ այս պահին վեճի լուծման ուժային եղանակը բացառում են թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքմանական կողմերը:
Նրա կարծիքով` դրանից զինված ընդհարման հավանականությունն ամբողջությամբ չի վերանում, մանավանդ, երբ դիվանագիտական ու քաղաքական միջոցներն, ըստ էության, սպառված են, իսկ իրավիճակի խաղաղ կարգավորումը Թուրքմենստանից պահանջում է զիջումներ և նշված նավթագազային հանքավայրերի հանդեպ ունեցած նկրտումներից հրաժարվել:
«Իրանը սկսել է Կասպից ծովի հարավում զինված հակամարտության հավանականությունը բարձր գնահատել և 2013 թվականի հուլիսի սկզբին Կասպից ծովում ՌԾՆ-ի շատ հետաքրքիր զորավարժություններ է անցկացրել, որոնք առավելագույնս մոտեցված են եղել ռազմականին և մշակվել են ծովային ճանապարհների և առևտրական նավերի, ինչպես նաև առափնյա ռազմական ու քաղաքացիական օբյեկտների պաշտպանություն»,- եզրափակել է ռուս փորձագետը: