Մի կտակի պատմություն. Ազատամարտիկին վտարում են հայրական տնից
Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Պետրոսյանը, որը մարտի դաշտում կռվել է Վարդենիսի ջոկատում, այժմ հայրական տունը կորցնելու փաստի առաջ է կանգնել. Խորթ քույրը հողակտորի ու տան նկատմամբ մեծ հավակնություններ ունի, իսկ Հայաստանի դատարաններն ու պատկան մարմինները տուրք են տալիս կնոջ հավակնություններին:
Ազատամարտիկի հայրական տունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում` 4100 մետր տարածքը հողակտորն է, իսկ 120 քառակուսի մետր էլ տունը: Հոր մահից հետո մայրը` Սեդա Պետրոսյանը, 80-ական թվականներին ամուսնացել է 2-րդ անգամ Արամայիս Բադալյանի հետ: 2009-ին Արամայիս Բադալյանը տունը կտակել է կնոջ անունով և արդեն 2011-ին նրա մահից հետո տան նկատմամբ հավակնություններ է դրսևորել Արամայիսի դուստրը` Կարինե Բադալյանը, որը ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի խորթ քույրն է:
Աշոտ Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր խորթ քույրը դիմել է բոլոր հնարավոր միջոցների և փաստաթղթեր կեղծելով՝ փորձում է իր ձեռքից խլել հայրական տունը. նախ Կարինե Բադալյանը դիմել է «BBG» անունը կրող մի բժշկական կենտրոն, որտեղ նյարդաբանի տրամադրած տեղեկանքով փորձել է ապացուցել, որ իր հայրը` մահացած Արամայիս Բադալյանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և կտակը գրել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Ինչպես փաստաբան Պողոսյանն ասաց, այդ ախտորոշումը հաստատել է նաև Սևանի հոգեբուժարանի աշխատակիցը, որը չլինելով փորձագետ, իր եզրակացությունը տվել է հոգեբուժարանի բլանկի վրա՝ իր անձնական կնիքով:
Ահա այս փաստաթղթերով էլ Կարինե Բադալյանը հոր մահից հետո դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` կտակն անվավեր ճանաչելու և ազատամարտիկի մորը տնից վտարելու պահանջով: Սակայն Ճամբարակի առաջին ատյանի դատարանը առանց փաստաթղթերի իսկությունն ու ճշմարտացիությունն ուսումնասիրելու, մերժել է Բադալյանի հայցը: Ինչևէ, գյուղական ընդարձակ տանը տիրանալու ցանկությունը մեծ էր, և Կարինե Բադալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Այդ ընթացքում Աշոտ Պետրոսյանը ևս ձեռքերը ծալած չի նստել, և կեղծ փաստաթղթերի, մասնավորապես, Արամայիս Բադալյանի առողջական վիճակի մասով բժշկական տեղեկանքների հարցով դիմել է իրավապահ մարմիններին, ինչի կապակցությամբ էլ այժմ կեղծ փաստաթղթեր տրամադրելու կապակցությամբ ոստիկանության Մարտունու քննչական բաժնում քրեական գործ է հարուցված:
Վերաքննիչ դատարանն իր հերթին կասկածի տակ է դրել Կարինե Բադալյանի ձեռք բերած բժշկական փաստաթղթերը և որոշել է գործը հետ ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: «Որ հետ էկավ մեր մոտ նոր քննության, մենք նայեցինք փաստաթղթերը, տեսանք, որ դրանց միջից բացակայում է իմ ներկայացրած փաստաթուղթը, որի համաձայն, կեղծ փաստաթղթերի մասով քրեական գործ է հարուցվել: Բացի այդ, պարզվեց, որ գործից բացակայում է նաև Սևանի հոգեբուժարանից փորձագետ հանդես եկած բժշկի փաստաթուղթը: Ինձ թվում է` դրանք Վերաքննիչ դատարանում են անհետացել, որովհետև վերաքննիչ դատարանի որոշման մեջ ոչ մի անդրադարձ չկա այդ ապացույցներին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը` նշելով, որ ՎԴ արդեն իսկ պարզաբանման պահանջով գրություն է ուղարկել:
Կեղծ բովանդակությամբ բժշկական փաստաթղթերի ձեռքբերումը Կարինե Բադալյանի միակ անօրինական քայլը չէ: «Սեփականության իրավունքի վկայականում գրված է, որ Կարինե Բադալյանի գրանցման հիմքը հանդիսանում է Ծափաթաղ համայնքի հողի սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի որոշումը: Բայց Կարինե Բադալյանը Ծափաթաղում գրանցվել է 1991 թվականի մայիսին: Այսինքն` հանձնաժողովը մեկ ամիս առաջ Վանգայի նման գուշակում է, որ Կարինեն պետք է գա, գրանցվի»,- ներկայացրեց փաստաբանը:
Ազատամարտիկը անօրինականության մասնակից է համարում նաև Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանին, որն արդեն մի քանի ամիս է, ինչ առանց պատճառների մերժում է գյուղի ծխամատյանը տրամադրել: Փաստաբանը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ Վարդենիսի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Աշոտ Պետրոսյանի և նրա փաստաբան Սերգեյ Պողոսյանի պահանջը մեկն է` կասեցնել կտակն անվավեր ճանաչելու մասով դատական գործընթացը մինչև կեղծ փաստաթղթերի մասով հարուցված քրեական գործը արդյունքներ արձանագրի: «Պետք է դատական գործի վարույթը կասեցվի, մինչև քրեական գործով որևէ վերջնական որոշում կայացվի, որպեսզի քննությունը լիարժեք լինի»,- ասաց փաստաբանը:
Ազատամարտիկը, արդեն 2 տարի շարունակվող անարդարությունից արդարության հասնելու հույսը չի կորցնում: «Ուր էլ լինի կգնամ, նախագահի մոտ էլ կգնամ, որ ցույց տամ, թե ինչ անարադար են դատարանները: Հիմա ես չեմ հասկանում, եթե ազատամարտիկների հանդեպ էս ձևի վերաբերմունք պետք ա լինի, էս Հայաստանում ապրելն իզուր ա: Մեզ հիմա մեղադրում են, թե ինչի՞ են ոտի հելնում. Էսքան կեղծիքները տեսնելով ոնց ոտի չհելնեն»,- նկատում է ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանը: