Բանավեճ. Կառավարության առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն ստեղծվեց անձի համար
«Անկախությունից հետո մենք ամեն ինչ սկսեցինք զրոյից, հասարակության կայացման խնդիրները նույնպես սկսվեցին զրոյից, որովհետև պետականության կայացումը սկսեցին մարդիկ, որոնք բոլորովին պատրաստ չէին»,- ասուլիսում նման դիտարկում արեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը` խոսելով ճարտարապետության ոլորտի մասին:
«Միայն մի քանի ճարտարապետի համար սկսվեց զրոյից»,- նրա խոսքն ընդհատեցին ու նման կարծիք հայտնեց ասուլիսին ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը և ճարտարագետ Կարինե Խորասանյանը:
Խոսելով կառավարությանն առընթեր նորաստեղծ ճարտարապետության պետական կոմիտեի մասին` Լ. Իգիթյանն ասաց, որ դա կարևոր կառույց է, որը պետք է հսկի Հայաստանի տարածքում տեղի ունեցող ամեն քայլ, որ կապված է ճարտարապետության, քաղաքաշինության հետ, այսինքն, ըստ նրա, այն համակարգող կառույց է: «Մեր երկրի կայացման համար կարևոր կառույց է»,- ընդգծեց նա` հավելելով, որ խորհրդային տարիներին նման կառույց գործել է:
Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն ստեղծվել է ՀՀ նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով: Վարչապետի որոշմամբ, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Նարեկ Սարգսյանը:
Կ.Դանիելյանի խոսքով, ինքը կոմիտեի ստեղծումը կողջուներ այն դեպքում, եթե քննարկում լիներ Ճարտարապետների միությունում ու գտնեին, որ նման կառույցի կարիքը կա ու պետք է աշխատի: «Կհավատայի այդ կառույցի գործունեությանը, եթե քննարկում լիներ, ընդունեին, որ այսպիսի սխալներ են թույլ տվել, այսպիսի ֆունկցիաներ պետք է ունենա կոմիտեն, կհավատայի, եթե ղեկավար նշանակվեր այնպիսի մարդ, որն այս ընթացքում ասել է այսպիսի սխալներ ենք անել, պետք է ուղղել»,- ասաց նա՝ հավելելով, որ Երևանում իրականացվող ֆեոդալական ճարտարապետությունը տարածվելու է մնացած բոլոր քաղաքների վրա: «Այս կառույցը ստեղծվեց անձի, օլիգարխների ճաշակով ճարտարապետությունը շարունակելու համար»,- ընդգծեց Կ. Դանիելյանը:
Կարինե Խորասանյանն էլ նշեց, որ իրավական դաշտի բացակայության պայմաններում այդ կառույցը նույնպես որևէ արդյունքի չի կարող հասնել: Ըստ Կարինե Դանիելյանի և Կարինե Խորասանյանի, ավելորդ կառույց է: Վերջինս էլ հավելեց. «Պետք է սկսեն մարզերի քաղաքները փչացնել»: Կ. Դանիելյանն էլ ընդգծեց. «Այն մարդը, ով Հերոստրատի դեր է կատարել Երևանում, Հերոստրատի դեր է կատարելու ամբողջ Հայաստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները