«Էյր Արմենիա»-ում հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթին մասնակցելը «թասիբի հարց» են համարում
Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթն, ամենայն հավանականությամբ, 1-2 ամսից կլինի: Այժմ մրցույթի անցկացման համար խորհրդատվական աշխատանքներ են անցկացվում և պետք է սահմանվեն չափանիշներ, ըստ որոնց`տեղական 3 ընկերություն կարող է հաղթող լինել և 14 ուղղություններով չվերթներ իրականացնել:
«Էյր Արմենիա» ընկերությունը հաստատ մասնակցելու է մրցույթին, «Առավոտ»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը թեև ասել է, որ ավիաշուկայում դժվար է լինելու աշխատել և մրցակցել օտարերկրյա գիգանտ ընկերությունների հետ, բայց ինչպես նշել է Ավետիսյանը`«թասիբի հարց է մրցույթին մասնակցելը»:
Ա. Ավետիսյանը նշել է, որ սնանկացած ավիաընկերությունների բախտին իրենք չեն արժանանա. «Հայկական ավիաուղիների խնդիրները առաջացել են 1998-ից: 2008-ին «Արմավիայի» ու մեզ մոտ սկսեցին բացասական երևույթներ` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված: Բայց մենք ոտքի կանգնեցինք ու նորմալ շահութաբերությամբ ենք աշխատում»: