Անհարգելի բացակայությունների պատճառով՝ Վահե Էլոյանն ազատվել է աշխատանքից
Աշխատանքից ազատվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի օգնական, նույն նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը: Վերջինիս խոսքով՝ Էլոյանի աշխատանքի ազատման համար հիմք է ծառայել վերջինիս կողմից չպատճառաբանված և չհիմնավորված բացակայությունները:
«Նախարարի օգնականի պաշտոնում նշանակվելուց հետո Վահե Էլոյանը երբևէ չի ներկայացել աշխատանքի, չի անցել աշխատանքային պարտականությունների կատարմանը, բայց միևնույն ժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբեմն նա մտել է նախարարության շենք, եղել է ՀԱՕԿ-ում ու վերև՝ համենայն դեպս իր աշխատասենյակ, չի մտել»,- ասաց Ս. Բադոյանը:
Նա նշեց նաև, որ նախարարության աշխատակազմից երկու անգամ Վահե Էլոյանին ուղարկվել է գրություն, վերջինիս խնդրել են տեղեկատվություն տրամադրել իր բացակայությունների վերաբերյալ, բայց այդ գրություններն այդպես էլ մնացել են անպատասխան, ինչից հետո օգոստոսի 7-ին աշխատանքային օրենսգրքի համապատասխան օրենքի համապատասխան կետով Էլոյանն ազատվել է աշխատանքից: «Այդ մասին ևս պարոն Էլոյանը ծանուցվել է պաշտոնապես, տեղեկացվել է, թե ինչ հիմքերով է ազատվել աշխատանքից»,- ասաց Սյուզի Բադոյանը:
Հիշեցնենք, Վահե Էլոյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ նախարարի հրամանը բողոքարկել է: Հայցն ընդունվել է վարույթ:
Նախորոդող հրապարակումներ` Վահե Էլոյանը ազատվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Մինչ դատարանը կվիճարկի Էլոյանի դիմումը, հնարավոր է նա ևս մեկ անգամ կորցնի պաշտոնը