Իրանը մտադիր է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել
Իրանը մտադիր է Անտարկտիդայում գիտական մշտական կայան ստեղծել: Այս մասին Fars գործակալությանը հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի փոխծովակալ Խադեմ Բիղամը:
«Անտարկտիդայի ջրերի ուսումնասիրությունը իսլամական հանրապետության օրակարգում մտցված հարց է: Առաջին փուլում այս մայրցամաքում մեր ներկայությունը կարող է իրականացվել այն երկրների հետ համագործակցությամբ, որոնք արդեն վաղուց աշխատում են այնտեղ: Հաջորդ փուլում նախատեսված է ինքնուրույն գործունեություն ծավալել»,- հայտնել է իրանցի զինվորականը:
Նրա խոսքով՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու և այդ բնագավառում փորձ ձեռք բերելու համար Իրանի օվկիանոսագրության ինստիտուտը պատրաստվում է մի քանի գիտական արշավներ իրականացնել: Նախնական փուլում Իրանը օգտագործելու է իր ռազմածովային ուժերի հնարավորությունները, իսկ առավել ուշ փուլերի համար օվկիանոսագրության ինստիտուտը կունենա իր սեփական հետազոտական նավերը: