Ռուս փորձագետ. Ադրբեջանական և թուրքական բանակների միավորումը սպառնում է Ադրբեջանի ինքնիշխանությանը
Թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծման գաղափարն իրական չէ: Ադրբեջանական Vesti.az լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:
«Երկու պետությունների մեկ միասնական բանակի ստեղծումը պետք է ենթադրի նաև այդ պետությունների համար մեկ միասնական պետական տիրույթ: Դա պետք է առնվազն կոնֆեդերացիա լինի: Սակայն արդյո՞ք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները պատրաստ են որոշակիորեն խախտել իրենց իշխանությունը և իրենց պետությունների ինքնիշխանությունը: Կարծում եմ` դա քիչ հավանական է», - ասել է փորձագետը:
Պերենջիևն ավելացրել է, որ նույնիսկ կոնֆեդերացիայի ստեղծման դեպքում Ադրբեջանի խնդիրները կփոխանցվեն Թուրքիային, և հակառակը: Բացի այդ, անհրաժեշտ կլինի նաև ստեղծել միասնական տնտեսական, իրավական, մշակութային և հասարակական տիրույթներ: Քաղաքագետի կարծիքով` ոչ Ադրբեջանի և ոչ էլ Թուրքիայի հասարակությունները պատրաստ չեն իրադարձությունների նման զարգացմանը:
«Բացի այդ, Բաքվի և Անկարայի միավորումը կարող է մի գործընթաց սկսել, որտեղ Թուրքիան` որպես առավել ուժեղ կողմ, կկլանի Ադրբեջանին: Ադրբեջանի ինքնիշխանության բացարձակ կորստի վտանգ կառաջանա», - նշել է Ալեքսանդր Պերենջիևը:
Իր խոսքերով` պետք չէ մոռանալ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների տարբեր գործառույթների, ինչպես նաև այդ հասարակություններում զինվորների դիրքի մասին:
«Այսինքն` վերջնական արդյունքում ստացվում է, որ չի լինելու ոչ մի թուրք-ադրբեջանական բանակ, այլ կլինի միայն թուրքական բանակ, որի կազմում կծառայեն ադրբեջանցիներ: Այդ դեպքում կա նաև մեծ հավանականություն, որ ավելի մեծ թվով շարքայիններ կլինեն ադրբեջանցիներ, իսկ ավելի շատ հրամանատարներ` թուրքեր», - կարծում է քաղաքագետը:
Ավելին, իր կարծիքով, միանալու դեպքում իրավիճակը կփոխվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: «Ադրբեջանական հասարակությունը, որը կլինի Թուրքիայի հետ միասնական պետության մի մաս, և Թուրքիայի ու Ադրբեջանի միասնական բանակը կարող են միանգամայն այլ խնդիրներ ունենալ: Իսկ այդ խնդիրները կորոշի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը», - ասել է քաղաքագետը:
«Ի վերջո, Ադրբեջանը` որպես ինքնիշխան և ինքնավար պետություն, կարող է այլևս գոյություն չունենալ», - ասել է փորձագետը:
«Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի` Ադրբեջանին սատարելու հավանականության վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների խուճապի մասին» գործակալության հարցին պասխանելիս Պերենջիևն ընդգծել է, որ կրակոցներ հնչում են ոչ միայն հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում այլ նաև տեղեկատվական տիրույթում:
«Հայաստանի պետական պաշտոնական ԶԼՄ-ների խուճապի մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, եթե ինչ-որ մեկը նման խուճապահար լուրեր է տարածում, ապա դա անում է միայն հայկական հասարակությունն անկայունացնելու և գործող կառավարության դեմ տրամադրելու, ինչպես նաև Ռուսաստանին և Հայաստանին ընդհարեցնելու նպատակով», - նշել է փորձագետը:
Փորձագետը վստահություն է հայտնել, որ հայ-ադրբեջանական զինված հակամարտության դեպքում Ռուսաստանը կպահպանի իր չեզոքությունը և բոլոր ջանքերը կգործադրի երկու կողմերի միջև խաղաղություն կնքելու համար:
Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին` Պերենջիևը նկատել է, որ «շատ բան կախված է լինելու պաշտոնական Բաքվի և ընդհանրապես ադրբեջանական հասարակության ողջամտությունից»: