Մոլդովայի վարկաբեկված օմբուցմենը կարող է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել
Երևանում սկանդալային պատմության մեջ ընկած մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն խոստովանել է, որ կարող է Ադրբեջանի քաղաքացություն ընդունել: Vesti.az ադրբեջանական լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե արդյոք Գրիգորիուն մտածե՞լ է ադրբեջանական քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ, օմբուցմենն ասել է՝ ամեն ինչ հնարավոր է:
Տիկինը նաև դեմ չէ աշխատել Ադրբեջանում: Salamnews լրատվական գործակալության հետ զրույցում Գրիգորիուն նշել է, որ պատրաստվում է Բաքվում կայանալիք Միջազգային հումանիտար ֆորումի առթիվ մեկնել Ադրբեջան: Այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է նա աշխատել Ադրբեջանում, օմբուցմենը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է առաջարկից:
Նշենք, որ Vesti.az լրատվական գործակալության հետ զրույցում տարօրինակ անճշտություն կա: Հարցազրույցում Գրիգորիուն նշում է. «Ցավում եմ, որ հայերից տեղեկանք չեմ վերցրել այն մասին, որ իրենք ինձ սպառնում են, կարելի էր այն ցույց տալ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Միշկինին, ով հայտարարել էր, թե ինձ ուղղված որևէ իրական սպառնալիք չի եղել»: Սակայն Գրիգորիուն անկասկած անձամբ ծանոթ է Միշկինի հետ և չի կարող չիմանալ, որ նրա անունը Վադիմ է, այլ ոչ թե Վլադիմիր:
Հուլիսի 5-ին Երևանում կայացած « Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում » համաեվրապական համաժողովի շրջանակներում ՀՀ խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, «Մարդու իրավունքների պաշտպանությունը սառեցված հակամարտությունների գոտում» պրո-ադրբեջանական զեկույցը ներկայացնելիս՝ Հայաստանին անվանել է «ագրեսոր երկիր»:
Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը դատապարտել են Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան, Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը, Մոլդովայի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Մարիան Լուպուն, ինչպես նաև Մոլդովայի այլ քաղաքական և հասարակական գործիչներ: